Այլընտրանք հետազոտական կենտրոնի եւ ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի նախաձեռնությամբ այսօր Երեւանում բացվել է միջազգային գիտաժողով` նվիրված համաշխարհային տնտեսության հետճգնաժամային միտումներին եւ Հայաստանի տնտեսության մարտահրավերներին: «Գիտաժողովի հիմնական նպատակն է վեր հանել եւ բացահայտվել այն միտումները, որոնք առկա են հետճգնաժամային փուլում: Վերլուծելու ենք Չինաստանի դերը` որպես համաշխարհային տնտեսության չորրորդ կենտրոնի եւ օտարերկրյա ներդրումների փորձը Չինաստանում»,- ասել է Այլընտրանք կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյան:Գիտաժողովին մասնակցում են պրոֆեսորներ Մեծ Բրիտանիայից, Միացյալ Նահանգներին, Չինաստանից եւ Հայաստանից: Գիտաժողովի մասնակիցներից պրոֆեսոր Ջորջ Պույան Հայաստանի եւ զարգացող երկրների տնտեսության համար առաջնային խնդիր է համարում աշխատատեղերի ստեղծումը:«Հաճախ խելացի երիտասարդները լքում են հայրենիքը` աշխատանք չունենալու պատճառով: Պետք է մտածել` ի՞նչ անել երիտասարդներին աշխատանքով ապահովելու եւ քո երկրում ներդրումներն ավելի գրավիչ դարձնելու համար», - ասել է Ջորջ Պույան` այս համատեքստում կարեւոր համարելով Չինաստանի փորձի ուսումնասիրությունը: Թաթուլ Մանասերյանն իր հերթին նշել է, որ համաշխարհային ճգնաժամի հետճգնաժամային փուլի հրամայականը զարգացած եւ զարգացող երկրների ջանքերի համադրումն է, ինչը թույլ կտա մարտահրավերներին դիմադրել միասնական ուժով:Նա նշել է, որ բավական նմանություններ կան Հայաստանի եւ համաշխարհային տնտեսության մարտահրավերների միջեւ, «սակայն կան նաեւ որոշ չօգտագործված հնարավորություններ, որոնք Հայաստանը կարող է օգտագործել առաջխաղացման համար. օրինակ` խմելու ջրի բավարար պաշարները, այլընտրանքային էներգետիկայի օգտագործման հնարավորությունները»: Tweet Դիտում՝ 1467