ՀՀ կառավարությունն այսօր բացասական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ասել է, որ օրինագծով առաջարկվում է ներմուծման ժամանակ սահմանին հաշվարկվող ԱԱՀ-ի վճարումը հետաձգել 90-օրյա ժամկետով:Նախարարը նշել է, որ բացասական եզրակացությունը պայմանավորված է նրանով, որ պետական բյուջեի եկամուտների կառուցվածքում Հայաստանի սահմանին հաշվարկված եւ գանձված ԱԱՀ-ն մեծ տեսակարար կշիռ ունի: Այսպես, 2012 թվականին այն կազմել է 231,4 մլրդ դրամ կամ պետական եկամուտների 23,4%-ը:2013թ.-ին մաքսային սահմանին հավաքագրման ենթակա ավելացված արժեքի հարկը կկազմի շուրջ 260,5 մլրդ դրամ կամ պետական եկամուտների 24%-ը: «Ներկայացված նախագծի ընդունման դեպքում կստացվի, որ պետական եկամուտների զգալի մասի` 260,5 մլրդ դրամի հավաքագրումը, կհետաձգվի առնվազն մեկ եռամսյակով, ինչը ՀՀ հարկաբյուջետային հարաբերությունների ներկա պայմաններում անիրագործելի է», - ասել է նախարարը:Միաժամանակ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ ներկայացված օրինագիծը ճիշտ առաջարկ է, որը բխում է կառավարության ռազմավարությունից՝ ԱԱՀ սահմանից տեղափոխել ներքին տնտեսություն: «Այս հարցը գտնվում է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ մեր բանակցությունների օրակարգում: Սակայն եթե այդ քայլին գնանք հիմա, ֆինանսական ճեղքվածք կառաջանա, որը փակելու աղբյուրը դեռ չունենք», - ասել է վարչապետը: Tweet Դիտում՝ 1923