Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 27-ին Երեւանում կկայանա ecaHack Yerevan 2013 միջոցառումը, որը հանդիսանում է Արեւելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի 20 քաղաքներում իրականացվող ecaHack-ի երեւանյան փուլը: Հաքաթոնի նպատակն է ստեղծել նորարար ծրագրեր, որոնք աշխատում են Android օպերացիոն համակարգի վրա, ինչպես նաեւ մեծացնել երիտասարդության հետաքրքրությունը շարժական լուծումների հանդեպ:ecaHack Yerevan 2013-ի կազմակերպիչներն են Google Developer Group Armenia-ն, mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան եւ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը:Հաքաթոնին գրանցվելու եւ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք միջոցառման պաշտոնական կայքը` http://eca.hackathon.am:Գրանցումը տեւելու է մինչեւ հուլիսի 10-ը: Այնուհետեւ միջոցառման կազմակերպիչների ու միջազգային ժյուրիի կողմից կդիտարկվեն բոլոր գրանցված նախագծերը եւ կընտրվեն լավագույնները` ընդհանուր թվով 10 թիմ, յուրաքանչյուր թիմում առավելագույնը երեք մասնակից, որոնք հնարավորություն կունենան մասնակցելու հուլիսի 27-ին Երեւանում կայանալիք հաքաթոնին:Հաղթող թիմը հոկտեմբերին Բուխարեստում կմասնակցի մրցույթի եզրափակիչ փուլին եւ հնարավորություն կունենա ստանալու մրցանակներ՝ Alcatel One Touch-ի եւ այլ հովանավորների կողմից, ինչպես նաեւ կմասնակցեն Droidcon Bucharest միջոցառմանը, որը Android օպերացիոն համակարգով աշխատող ծրագրավորողների համաեվրոպական կոնֆերանս է:Թիմի բոլոր անդամները Alcatel One Touch-ի կողմից կստանան Android օպերացիոն համակարգով աշխատող նորագույն բջջային հեռախոսներ, ինչպես նաեւ հնարավորություն կունենան հյուրընկալվել mLab ECA-ի ինկուբացիոն սենյակում:ecaHack Yerevan 2013-ի հատուկ հյուրն է լինելու Google Mountain View-ի աշխատակից Ադամ Մաթիաս Բիթլինգմայերը (Adam Mathias Bittlingmayer), ով միջոցառման նախորդ օրը mLab ECA-ի գրասենյակում ելույթ կունենա Android օպերացիոն համակարգով աշխատող ծրագրերի մոնետիզացման վերաբերյալ, որին կարող են մասնակցել ոչ միայն հաքաթոնի մասնակիցները, այլեւ բոլոր հետաքրքրված անձինք:Հաքաթոնի մասնակիցները հնարավորություն կունենան իրենց ստեղծած ծրագրերը ներկայացնել նաեւ ուկրաինական Happy Farm Business Incubator-ի ներկայացուցիչներին եւ ընտրվելու դեպքում ստանալ մինչեւ 75.000 ԱՄՆ դոլարի չափով ներդրում՝ ծրագիրը միջազգային շուկայում ներկայացնելու համար: Tweet Դիտում՝ 1854