Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնում է 8%

26.06.2013 | 10:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդը հունիսի 25-ի նիստում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ` 8%:

2013թ. մայիսին արձանագրվել է 0.02% գնանկում, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.3% գնանկման պարագայում, հանգեցրել է 12-ամսյա գնաճի բարձրացման՝ մայիսի վերջին կազմելով 5.2%, հայտնել են ԿԲ մամուլի ծառայությունում:

Խորհուրդն արձանագրել է, որ արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղման միտումները եւ կանխատեսվող հորիզոնում արտաքին հատվածը կբնութագրվի համաշխարհային տնտեսական աճի վերականգնման դանդաղ տեմպերով եւ ոչ գնաճային ազդեցություններով:          

Խորհուրդը գնահատել է, որ, վերջին զարգացումների համաձայն, ՀՀ տնտեսությունում շարունակվել է գյուղատնտեսության առաջարկի շոկի աստիճանական մարման ազդեցությամբ իրական սպառման աճի կրճատումը, ինչն ուղեկցվել է կառավարության զսպող հարկաբյուջետային քաղաքականությամբ:

Արդյունքում, կանխատեսվող հորիզոնում գնաճի վրա ներքին պահանջարկի ազդեցությունը մնում է ոչ գնաճային:

Նշված գնանկումային գործոնների պայմաններում երկրորդ եռամսյակում գնաճային միջավայրի ընդլայնումը պայմանավորվել է հիմնականում գյուղատնտեսության ճյուղի բացասական զարգացումներով, մասնավորապես՝ եղանակային վատ պայմանների հետեւանքով վեգետացիոն շրջանի ուշացմամբ, ինչպես նաեւ ձեւավորված գնաճային սպասումներով: Դա արտահայտվել է պարենային ապրանքների գների՝ սպասվածից քիչ անկմամբ, որի արդյունքում էլ, ըստ ԿԲ գնահատումների, կիսամյակը կավարտվի 12-ամսյա գնաճի՝ կանխատեսվածից բարձր ցուցանիշով:

Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ձեւավորված բարձր գնաճային միջավայրը ժամանակավոր առաջարկի շոկի արդյունք է, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

ԿԲ կողմից դրական իրական տոկոսադրույքի պահպանումը հնարավորություն կտա խարսխել գնաճային սպասումները եւ նպաստել տնտեսական ակտիվության բարձրացմանը: Վերջինիս օժանդակել է նաեւ ԿԲ մեկ այլ գործողություն՝ դրամով պարտադիր պահուստավորման նորմայի իջեցումը, որով ԿԲ-ն բավարար դրամային իրացվելիություն է ապահովել տնտեսություն:

Միաժամանակ, ԿԲ-ն պատրաստ է համապատասխանորեն արձագանքել հուլիսից էներգակիրների սակագների բարձրացման ազդեցությամբ գնաճային սպասումների եւ դրա երկրորդային ազդեցությունների դրսեւորումներին:

Դիտում՝ 1480
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW