Սպառողական վարկավորումը Հայաստանում I եռամսյակում աճել է մոտ 7%-ով

25.06.2013 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2013 թվականի առաջին եռամսյակում ավելացել է 1.2%-ով եւ եռամսյակի վերջին կազմել 405.4 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալի աճը հիմնականում պայմանավորվել է եռամսյակի 3.9 մլրդ դրամ զուտ շահույթով:

Ինչպես տեղեկացնում է Կենտրոնական բանկի 2013թ. I եռամսյակի բանբերը, առեւտրային բանկերի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը նվազել է 0.4 տոկոսային կետով եւ եռամսյակի վերջին կազմել 16.4%` պայմանավորված ընդհանուր նորմատիվային կապիտալի նկատմամբ ռիսկով կշռված ակտիվների առաջանցիկ աճով:

I եռամսյակում բանկային համակարգի ընդհանուր պարտավորություններն ավելացել են 4.2%-ով եւ եռամսյակի վերջին կազմել 2 տրլն 164.6 մլրդ դրամ, ընդ որում՝ ընդհանուր պարտավորությունների աճ արձանագրվել է 8, իսկ նվազում` 14 բանկում: Ընդհանուր պարտավորություններն ավելացել են հիմնականում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ընդհանուր ավանդների 11.7% (131.9 մլրդ դրամ) աճի հաշվին:

Դրամային ավանդներն ավելացել են 4.2%-ով, իսկ արտարժութային ավանդները` 14.8%-ով: Արդյունքում՝ արտարժութային ավանդների տեսակարար կշիռը ընդհանուր ավանդներում աճել է 2.0 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 72.2%:

I եռամսյակում բանկային համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են 3.7%-ով եւ եռամսյակի վերջին կազմել 2 տրլն 570 մլրդ դրամ: Ակտիվների աճ արձանագրվել է 9, իսկ նվազում` 13 բանկում:

31.03.2013 թ. դրությամբ տնտեսությանը տրամադրված վարկերի ծավալը (ներառյալ՝ լիզինգը եւ ֆակտորինգը) կազմել է 1 տրլն 591.7 մլրդ դրամ: Իրավաբանական անձանց, ֆիզիկական անձանց, բանկերի հետ կապված անձանց եւ աշխատակիցներին տրամադրված վարկերի ծավալը, լիզինգի ու ֆակտորինգի ընդհանուր ծավալը ավելացել է համապատասխանաբար 0.5%-ով, 5.8%-ով, 10.0%-ով եւ 8.3%-ով՝ եռամսյակի վերջին կազմելով 937.0 մլրդ դրամ, 571.2 մլրդ դրամ, 70.3 մլրդ դրամ եւ 13.2 մլրդ դրամ:

Վարկավորման առավել բարձր աճի տեմպ գրանցվել է ֆինանսական ու ապահովագրական գործունեության, գյուղատնտեսության եւ սպառողական վարկային ներդրումներում` համապատասխանաբար 8.5%,7.8% եւ 6.9%: Վարկային ներդրումներում մեծ տեսակարար կշիռ են կազմել առեւտրի, սպառողական եւ մշակող արդյունաբերության վարկային ներդրումները` համապատասխանաբար 21.0%, 19.4% եւ 10.3%:

I եռամսյակի ընթացքում 1.7 տոկոսային կետով աճել է «չաշխատող» վարկերի եւ դեբիտորական պարտքերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկերում եւ դեբիտորական պարտքերում` եռամսյակի վերջին կազմելով 5.2%:

Առեւտրային բանկերի ընդհանուր իրացվելիության եւ ընթացիկ իրացվելիության նորմատիվային ցուցանիշները եռամսյակի ընթացքում աճել է համապատասխանաբար 0.5 եւ 10.0 տոկոսային կետով եւ կազմել 26.1% եւ 136.1%:

Բանկային համակարգի զուտ շահույթը (շահույթը հարկումից հետո)` հաշվարկված ըստ վերահսկողական հաշվետվությունների, 2013 թվականի առաջին եռամսյակում կազմել է 3.9 մլրդ դրամ, շահութաբերությունը ըստ ակտիվների (RoA)` 0.6%, շահութաբերությունն ըստ կապիտալի (RoE)` 3.9%:

Եռամսյակի ընթացքում շահույթով է աշխատել 17, վնասով` 5 բանկ:

Դիտում՝ 5329
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW