Որտե՞ղ է ամենաթանկ եւ ամենաէժան բենզինը

24.06.2013 | 09:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանը, երեւի թե, աշխարհի եզակի երկրներից է, որտեղ ավտոտրանսպորտային միջոցների բացարձակ մեծամասնությունն աշխատում է ոչ թե բենզինով, այլ բնական գազով:

Այս երեւույթը բացատրելու համար պետք չէ բարդ վերլուծություններ անել. բոլոր վարորդները շատ լավ գիտեն, որ 3 000 դրամի բնական գազը համարժեք է 15 000 դրամի բենզինին. հնգապատիկ խնայողությունը միանշանակ արդարացնում է մեքենայի «գազաֆիկացման» ծախսը:

1 լիտր ամենաէժան` «ռեգուլար» դասի բենզինի գինն այսօր Հայաստանում 490 դրամ է կամ $1,2, եւ հազիվ թե գտնվի մեկը, որը գոհ լինի բենզինի գնի այս մակարդակից: Բայց ինչպիսի՞ն է Հայաստանում բենզինի մանրածախ գինն այլ երկրների հետ համեմատ: Մի՞թե այն իրոք չափազանց բարձր է, թե խնդիրը մեր ցածր վճարունակությունն է:

Bloomberg-ը կազմել է 60 երկրից բաղկացած ռենքինգ, որտեղ դասակարգել է այդ երկրները ըստ բենզինի մանրածախ գնի: Այսպես` ամենաթանկ բենզինը ցանկի մեջ ընդգրկված երկրներից Թուրքիայում է. հարեւան երկրում մեկ լիտր բենզինն արժե $2,64 կամ 1085 դրամ: Պատճառներից մեկը վառելիքի շուկայում աշխարհում ամենաբարձր հարկման բեռն է:

Իսկ ահա մեր մյուս հարեւան Իրանում, որն աշխարհի 4-րդ խոշորագույն նավթ արտադրող երկիրն է, բենզինի գներն աշխարհում ամենացածրերից են` $0,57 կամ 234 դրամ մեկ լիտրի համար:

Ցանկում կա ընդամենը 6 երկիր, որոնք բենզինի էժանությամբ առաջ են անցել Իրանից. Միացյալ Արաբական Էմիրություններում 1 լիտր բենզինի արժեքը 193 դրամ է, Եգիպտոսում` 110 դրամ, Քուվեյթում` 86 դրամ, Սաուդյան Արաբիայում` 50 դրամ: Աշխարհի ամենաէժան բենզինը նավթային պաշարներով հարուստ բայց ոչ հեռանկարային տնտեսական քաղաքականություն վարող Վենեսուելայում է. լիտրն արժե $0,01 կամ ընդամենը 4 դրամ:

Ուշագրավ է, որ հարուստ նավթային պաշարների առկայությունն անպայման չէ, որ ենթադրում է բենզինի ցածր գին. Նորվեգիան, որը նավթի խոշորագույն արտադրողներից է, չի սուբսիդավորում վառելիքը` օգտագործելով ստացված նավթային եկամուտները ենթակառուցվածքային, կրթական նախագծերի եւ ապագա սերունդների համար: Արդյունքում այս երկրում բենզինի գինը գրեթե նույնն է, ինչ Թուրքիայում` $2,63 կամ 1080 դրամ մեկ լիտրի համար:

Ամենաթանկ բենզինով հնգյակի մեջ մտել են նաեւ Նիդերլանդները (որն, ի դեպ, խոշորագույն նավթային կորպորացիաներից Royal Dutch Shell-ի հայրենիքն է), որտեղ 1 լիտր բենզինն արժե $2,36 կամ 970 դրամ, Իտալիան (նույնպես $2,36 լիտրի դիմաց) եւ Ֆրանսիան ($2,25 կամ 925 դրամ):

Սաուդյան Արաբիայից հետո նավթի երկրորդ խոշորագույն արտադրող Ռուսաստանում գրանցվել են Եվրոպայում բենզինի ամենացածր գները` $0,95 կամ 390 դրամ 1 լիտրի դիմաց: Մոտ են Ռուսաստանին բենզինի գները նաեւ ԱՄՆ-ում` $0,93 կամ 382 դրամ:

Իսկ ահա 260 մլն տրանսպորտային միջոցներով Չինաստանում բենզինի գինը մոտ է Հայաստանին` $1,25 կամ 510 դրամ: Բենզինի գները Չինաստանում սահմանվում են պետության կողմից եւ արհեստականորեն պահվում ցածր` գնաճը մեղմելու համար: Բենզինի գներով համընկնում է Հայաստանի հետ Կանադան ($1,22 կամ 500 դրամ), որը նավթի արտադրության ծավալներով աշխարհում 6-րդն է: Մոտ է մեր երկրին վառելիքի գնով նաեւ Հնդկաստանը ($1,34 կամ 550 դրամ 1 լիտրի համար), որի համար նման գինն էլ ավելի մեծ բեռ է, քանի Հայաստանի. 1 լիտր բենզին ձեռքբերելու համար Հնդկաստանում գնում է միջին օրական աշխատավարձի 30,69%-ը: Հայաստանում այս ցուցանիշը 7,05% է, Չինաստանում` գրեթե նույնը` 6,91%, իսկ Կանադայում` ընդամենը 0,85%:

Ընդհանրապես, թե՛ թանկ, թե՛ էժան բենզինով երկրներում վերջինիս գինը կազմում է միջին օրական եկամտի չնչին տոկոսը, մինչդեռ Եվրոպայում այս ցուցանիշով Հայաստանից առաջ է միայն Բուլղարիան (8,25%): Այնպես որ, գնողունակությունը հաշվի առնելով, բենզինը Հայաստանում, իրոք, բավականին թանկ հաճույք է:

Դիտում՝ 6714
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW