Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճռով, «Տոնուս» շինարարական ընկերությունը սնանկ է ճանաչվել: Այս մասին Մեդիամաքս-ի թղթակցին հայտնել են Դավթաշեն համայնքի 44/1 բազմաբնակարան բնակելի շենքում «Տոնուս» շինարարական ընկերության հետ բնակարանի առք ու վաճառքի պայմանագիր կնքած բնակիչները: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ սնանկության ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Հրանտ Ղամբարյանը:Նշենք, որ սնանկության մասին ՀՀ օրենքի համաձայն, մինչեւ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը ժամանակավոր կառավարչի լիազորությունների մեջ է մտնում պարտապանի գույքի պահպանության ապահովման համար միջոցների ձեռնարկումն ու դրա գույքագրումը, պարտապանի ֆինանսական վիճակի, սնանկության պատճառների վերլուծությունը: Ժամանակավոր կառավարիչն իրավասու է նաեւ միջնորդություն ներկայացնել դատարան` պարտապանի կամ նրա տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման ցանկացած անհրաժեշտ սահմանափակում կիրառելու համար, եթե դրանց չկիրառման արդյունքում կարող է էապես նվազել պարտապանի գույքը:Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի կայացումից հետո` 7-օրյա ժամկետում, դատավորը սնանկության գործը դասակարգում է 1-ին, 2-րդ կամ 3-րդ դասի եւ համապատասխան դաս ունեցող կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը, որտեղ համապատասխան դաս ունեցող կառավարիչների միջեւ կատարվում է վիճակահանություն եւ մեկ օր անց դատարանին է ներկայացնում կառավարչի թեկնածուներին: Ժամանակավոր կառավարիչի լիազորություններն ավարտվում են դատարանի կողմից կառավարիչ նշանակելուց հետո: Կառավարչի առաջնային լիազորություններից է պարտապանների հետ ժողովի անցկացումը:Բնակիչների եւ Տոնուսի միջեւ առաջացած խնդրին մանրամասն կարող եք ծանոթանալ մեր նախորդ անդրադարձերից` Բնակիչներ vs «Տոնուս». ո՞րն է լուծումը եւ Բնակիչներ vs «Տոնուս». ո՞րն է լուծումը: Մաս 2: Tweet Դիտում՝ 3153