Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը (ՀՌՀ) գործարկել է սեփական MBA ծրագիրը, որի շրջանակում ուսուցումը կմեկնարկի ս.թ. սեպտեմբերից: Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՌՀ Բիզնես-դպրոցի տնօրեն Արթուր Յավրույանը, հատկանշական է, որ «առաջին անգամ բիզնես-կրթության բնագավառում հայաստանյան բուհն առաջարկում է 100 տոկոսով սեփական պրոդուկտ»:Նրա խոսքերով, ծրագրի առանձնահատկությունը այն է, որ ուսուցումը կկազմակերպվի հայերեն եւ/կամ ռուսերեն լեզվով, հետեւաբար չեն պահանջվի IELTS եւ/կամ TOEFL թեստերի արդյունքները: Ծրագրի ընդհանուր տեւողությունը 12 ամիս է, դասերը կանցկացվեն շաբաթական 3 անգամ երեկոյան ժամերին՝ առանց աշխատանքից կտրվելու: «Կարեւորում ենք նաեւ այն հանգամանքը, որ մեզ հաջողվել է սահմանել Հայաստանում MBA-ի համար ամենացածր վճարը՝ 1 մլն 250 հազ. դրամ ուսման ողջ տեւողության համար»,- ասել է Յավրույանը: MBA-ի ծրագրի շրջանակում ունկնդիրների ընտրությանն է ներկայացված 9 մասնագիտացում.- Հիմնական MBA (General MBA);- «Բանկեր եւ Ֆինանսներ» (Banks and Finance);- «Ձեռնարկատիրություն» (Entrepreneurship);- «Պետական կառավարում» (Governmental administration);- «Մարդկային ռեսուրսների կառավարում» (HRM);- «Մեդիա» (Media);- «Տուրիզմ (Tourism);- «Ֆինանսական կառավարում» (Financial Management);- «Հաշվապահական հաշվառում եւ Աուդիտ» (Accounting and Audit):Ինչպես նշել է Բիզնես-դպրոցի տնօրենը, դասավանդումը համապատասխանելու է կրթության եվրոպական ստանդարտներին եւ հիմնված է լինելու ուսուցման ինտերակտիվ մեթոդի վրա՝ գործնական հանձնարարությունների (case study) եւ հատուկ խաղերի կիրառմամբ: «Այս մեթոդաբանության շրջանակում 60 տոկոսից ավելին բաժին է ընկնում գործնական գիտելիքների եւ հմտությունների վրա, ուստի գտնում ենք, որ մեր ունկնդիրներին ընդունակ են դասավանդել միայն այն մասնագետները, որոնք ստուգել են իրենց տեսական գիտելիքները իրական բիզնես-միջավայրում, ունեն մեծ փորձ եւ ունկնդիրներին այդ փորձը փոխանցելու ունակություն: Մասնավորապես, նախատեսվում է, որ «Պետական կառավարում» մասնագիտացման շրջանակում մեր հարգարժան դասախոսների հետ մեկտեղ դասախոսական կազմում կընդգրկվեն նաեւ ՀՀ նախկին 3 վարչապետներ եւ էկոնոմիկայի նախկին նախարարը: Պրոֆեսորա-դասախոսական կազմում ներկայացված կլինեն նաեւ շվեյցարական SBS բիզնես-դպրոցի հետ չորս տարուց ավել իրականացվող համատեղ MBA ծրագրի մասնագետները», - նշել է Արթուր Յավրույանը:Դրանից բացի, ունկնդիրների համար կկազմակերպվեն վարպետության դասեր Հայաստանի հաջողակ եւ ճանաչված թոփ-մենեջերների մասնակցությամբ: Բիզնես-դպրոցը կաջակցի նաեւ շրջանավարտների աշխատանքի տեղավորման հարցում՝ կազմակերպելով հարցազրույցներ հայաստանյան առաջատար ընկերությունների HR-ստորաբաժանումների ղեկավարների հետ: «Մեր դպրոցն ունի Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության բոլոր անհրաժեշտ լիցենզիաները՝ բիզնես-կրթությունն ապահովվելու համար: ՀՌՀ Բիզնես-դպրոցը նախատեսում է հետագայում եւս շարունակել իր կրթական ծրագրերի հավաստագրման գործընթացները»,- եզրափակել է Արթուր Յավրույանը: Tweet Դիտում՝ 6250