Հունիսի 14-ին Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանում կմեկնարկի դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը: Ինչպես հայտնել են միջոցառման աջակից ԱՄՆ ՄԶԳ երեւանյան գրասենյակից, համաժողովը հանդիսանում է արդյունավետ հարթակ դեղագործության ոլորտի մասնավոր եւ հանրային շահառուների համար` ծանոթանալու Հայաստանի վերջին դեղագործական ձեռքբերումներին, քննարկելու ընդհանուր խնդիրներ եւ նոր նախագծեր, ինչպես նաեւ ուսումնասիրելու համագործակցության նոր հնարավորություններ:Համաժողովը բաղկացած է լինելու երկու նիստից։ «Դեղագործության ոլորտի ձեռքբերումները Հայաստանում» թեմայով նիստի ընթացքում կներկայացվեն Հայաստանի դեղագործության ոլորտի վերջին ձեռքբերումները, նոր զարգացումները, ընթացիկ բարեփոխումներն ու զարգացման ռազմավարությունները։ Համաժողովի երկրորդ մասը նվիրված է «Համաշխարհային դեղագործության լավագույն ձեռքբերումները» թեմային։ Համաժողովին զուգահեռ կանցկացվի դեղագործության ամենամյա «Ֆարմա Արմենիա ԷՔՍՊՈ» ցուցահանդեսը։ Համաժողովը կազմակերպում է Հայաստանի դեղ արտադրողների եւ ներմուծողների միությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի եւ ՀՀ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի աջակցությամբ։ Միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 500 բժիշկներ, դեղատնային ցանցերի, տեղական եւ օտարերկրյա դեղագործական ընկերությունների աշխատակիցներ, գիտնականներ եւ փորձագետներ։ Միջոցառումը կմեկնարկի Բժշկական համալսարանի նիստերի դահլիճում ժամը 10:00-ին (Երեւան, Կորյունի 2): Tweet Դիտում՝ 1318