Այլընտրանքային հարկային ստուգումների մասին օրինագծում ձեւն ու բովանդակությունը չեն համապատասխանում միմյանց, ասել է Պարադիգմա Արմենիա խորհրդատվական ընկերության գլխավոր տնօրեն Ահարոն Չիլինգարյանը, որը նախկինում զբաղեցրել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալի պաշտոնը:Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանելով ՊԵԿ կողմից շրջանառության մեջ դրված «ՀՀ-ում այլընտրանքային հարկային ստուգումների մասին» օրինագիծը, ըստ որի կոմիտեն 10 մլն-ից 500 մլն դրամ վճարի դիմաց «այլընտրանքային» ստուգում կանցկացնի տնտեսվարողների մոտ եւ կմատնանշի իրենց թերացումները, Ահարոն Չիլինգարյանն ասել է, որ եթե այն կյանքի կոչվի, «կարող են առաջանալ ինստիտուցիոնալ անհամապատասխանություններ եւ խզումներ, որոնց հետեւանքները կարող են լուրջ գլխացավ առաջացնել համակարգի համար»: «Մի կողմից` դա ծառայության մատուցում է, իսկ մյուս կողմից` այն գտնվում է վարչաիրավական դաշտում: Սովորաբար ծառայություն մատուցելուց ավելի հարմար է հորիզոնական հարթությունը, ոչ թե ուղղահայացը: Հորիզոնական դաշտում կա մի եզրույթ. «հաճախորդը միշտ ճիշտ է», որը բացակայում է վերոհիշյալ նախագծում եւ, երեւի, չի էլ կարող այնտեղ լինել», - ասել է Ահարոն Չիլինգարյանը: Ըստ վերոհիշյալ օրինագծի, այլընտրանքային հարկային ստուգման արդյունքում հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով հարկվող օբյեկտների հարկի գումարը, բնապահպանական կամ բնօգտագործման վճարը թաքցնելու կամ պակաս ցույց տալու կամ հարկային վնասն ավել ցույց տալու եւ հաշվետվությունները սխալ կազմելու համար օրենքով նախատեսված տուգանքները չեն կիրառվում: Օրինագծի հետ կապված բիզնեսի մոտ առաջացած մտահոգությունը բացատրվում է նրանով, որ այլընտրանքային ստուգում պատվիրողները կարժանանան լավ վերաբերմունքի ՊԵԿ-ի կողմից, իսկ ովքեր չեն պատվիրի կհայտնվեն ռիսկային ձեռնարկությունների ցանկում: Եվ արդյունքում այլընտրանքային ստուգումը «օրինականացված կաշառք» կդառնա, այն էլ՝ խոշոր չափի:«Կա մեկ այլ լուծում` աութսորսինգ, երբ դա անում են աուդիտորական եւ հաշվապահական մասնավոր ընկերությունները: Վերջիններս գիտեն, թե ինչպես ընտրել ռիսկային հատվածները, հետեւաբար, պատկերավոր ասաց, կարելի էր կոշկակարի գործը տալ հենց կոշկակարին: Չեմ լսել, որ որեւէ երկրում «այլընտրանքային» ստուգումներ իրականացվեն», - ասել է Ահարոն Չիլինգարյանը: Tweet Դիտում՝ 1904