Հունիսի 6-7-ը Երեւանում տեղի կունենա Տնտեսական համագործակցության եվրոպական լիգայի (ՏՀԵԼ/ELEC) կենտրոնական խորհրդի նիստը, որը կհյուրընկալի ՏՀԵԼ hայաստանյան կազմակերպությունը` ՏՀԵԼ-Հայաստանը: Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՏՀԵԼ-Հայաստանի նախագահ, ՏՀԵԼ-ի խորհրդի անդամ Րաֆֆի Սեմերջյանը, միջոցառման հիմնական նպատակը Արեւելյան գործընկերության երկրների եւ Հայաստանի տնտեսությունների վիճակի ներկայացումն է եվրոպական գործընկերներին:«ՏՀԵԼ-ն հիմնադրվել է 1946-ին. հատկանշական է, որ կազմակերպության մոտ 70-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ խորհրդի նիստը տեղի կունենա ԵՄ սահմաններից դուրս: Ընդ որում, Հայաստանը ԵՄ անդամ չհանդիսացող միակ երկիրն է, որտեղ գործում է ՏՀԵԼ-ն»,-տեղեկացրել է Րաֆֆի Սեմերջյանը:Նրա փոխանցմամբ, միավորելով մեծ թվով տնտեսական եւ քաղաքական գործիչների, ՏՀԵԼ-ն լուրջ ազդեցություն ունի եվրոպական եւ ազգային մակարդակներում որոշում կայացնող կառույցների եւ, ընդհանուր առմամբ, տնտեսական համագործակցության խթանման վրա: Կազմակերպությունում ներկայումս ներգրավված են հասարակական, քաղաքական եւ տնտեսական բարձր կշիռ ունեցող գործիչներ:Երեւանյան նիստին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն ՏՀԵԼ-ի նախագահ, Համաշխարհային բանկի եւ ՎԶԵԲ-ի նախկին նախագահ Բեռնար Սնոյը; ՏՀԵԼ-ի փոխնախագահ, Deutsche Bank-ի խորհրդի նախկին անդամ Ռաիներ Բոդենը; ՏՀԵԼ-ի գլխավոր քարտուղար Ջերի վան Ուոթրշութը, ՏՀԵԼ-Պորտուգալիայի նախագահ, Պորտուգալիայի նախկին արտգործնախարար Անտոնիո Մարտինս դա Կրուզը, Andbank-ի գլխավոր գործադիր տնօրեն Օլաֆ Ժան Սպիկեսը: Երեւան կայցելեն նաեւ ՏՀԵԼ-ի Ֆրանսիայի, Իսպանիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Անդորրայի, Նիդեռլանդների, Լիտվայի նախագահներն ու ներկայացուցիչները:Ինչպես նշեց Րաֆֆի Սեմերջյանը, ՏՀԵԼ-Հայաստանը հիմնադրվել է մոտ 1 տարի առաջ Հայաստանում գործող շուրջ 30 գործարարների եւ տնտեսագետների կողմից: Վերջինիս նպատակն է՝ նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը եւ մերձեցմանը եվրոպական տնտեսության հետ: Գործունեության հիմնական ոլորտներն են՝ ԵՄ անդամ պետությունների հետ տնտեսական հարաբերությունների խորացման խթանումը, Հայաստանի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման մասին պայմանագրի կետերի իրականացման նպաստումն ու Հայաստան-ԵՄ առեւտրի առանձին ոլորտների (գյուղատնտեսական, շինարարական, ծառայությունների եւ այլն) զարգացումը: Tweet Դիտում՝ 2253