Վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը Հայաստանում 2012-ի վերջին կազմել է 38,6%

03.06.2013 | 16:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի ֆինանսական կայունությունը 2012-ին պահպանվել է բավարար մակարդակի վրա, եւ ֆինանսական ռիսկերի աճ չի դիտարկվել, այսօր ասել է ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:  

Ներկայացնելով այսօր ԿԲ-ի կողմից հրապարակված «Ֆինանսական կայունության հաշվետվություն 2012» պարբերականը՝ նա ասել է, որ համաշխարհային տնտեսության եւ ներքին մակրոտնտեսական միջավայրի զարգացումները բացասական ազդեցություն չեն ունեցել ֆինանսական համակարգի ռիսկերի մակարդակի վրա, իսկ համակարգն արձանագրել է ակտիվների եւ շահութաբերության աճ:

«2012թ. ֆինանսական համակարգի վարկավորման ծավալներն աճել են 27%-ով, ֆինանսական համակարգի ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցությունն ավելացել է 8,1 տոկոսային կետով՝ կազմելով տարեվերջին 67,1%, իսկ բանկային համակարգի կողմից տրամադրված վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունն ավելացել է 7,1 տոկոսային կետով՝ կազմելով 38,6%»,- ասել է Անդրանիկ Գրիգորյանը:

Ըստ նրա, տարվա ընթացքում վարկավորման բարձր աճի պայմաններում բանկային համակարգի կապիտալի համարժեքության նորմատիվը նվազել է մինչեւ 16,8%, սակայն համակարգն ամբողջ տարվա ընթացքում պահպանել է նորմատիվային պահանջներից բարձր կապիտալի համարժեքության եւ իրացվելիության ցուցանիշները:

«Հայաստանում գործում են բանկային վերահսկողության Բազել II ստանդարտները, որով սահմանված է նվազագույնը 8%-անոց կապիտալի համարժեքության նորմատիվ, մինչդեռ մեզ մոտ պատմականորեն այն ավելի խիստ է եւ կազմում է 12%, իսկ այսօրվա դրությամբ՝ փաստացի 16.8%, ինչը նշանակում է, որ մեր ֆինանսական համակարգը պատրաստ է դիմակայելու տարբեր տիպի շոկերին»,- ասել է Անդրանիկ Գրիգորյանը, հավելելով, որ իրացվելիության նորմատիվը կրկնակի անգամ ավելի բարձր է պահանջվող նվազագույնից:   

Անդրանիկ Գրիգորյանը նշել է, որ չաշխատող ակտիվները բանկային համակարգում տատանվում են 3-4% միջակայքում, ինչը բացասական ազդեցություն չի թողնում ֆինանսական կազմակերպությունների կայունության վրա:

«ԿԲ-ն եռամսյակային կտրվածքով սթրես-թեսթեր է իրականացնում բանկային համակարգի կայունությունը ստուգելու համար եւ ամենահոռետեսական սթրես-թեսթերի դեպքում է միայն կապիտալի համարժեքության նորմատիվը իջնում պահանջվող նվազագույնից որոշակիորեն ցածր, ինչը կրկին խնդիր չէ, քանի որ բոլոր բանկերն իրացվելի են»,- ասել է Անդրանիկ Գրիգորյանը:

Դիտում՝ 4218
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW