Երեւան: Մեդիամաքս: Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանն այսօր հրապարակել է Ամուլսարի շրջակայքում գտնվող Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների եւ բուսատեսակների վերաբերյալ տվյալները:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ուսումնասիրությունն իրականացվել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, հանքը շահագործող «Գեոթիմ» ընկերության եւ բուսաբանական ինստիտուտի աշխատակիցների կողմից:«Գեոթիմ» ընկերության կողմից շահագործման լիցենզիա ունեցող մոտ 13 հազար հա տարածքում կատարված ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է Հայաստանի կարմիր գրքում գրանցված 1 բուսատեսակ` Մատնունի ծիրանավորը: Շրջակա տարածքներում եւ գյուղերի շրջակայքում հայտնաբերվել է նաեւ 18 թռչնատեսակ, այդ թվում` սեւ արագիլ, սեւ անգղ, հայկական որոր եւ այլն, ինչպես նաեւ գորշ արջ, հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, անտառային կատու, իսկ սողուններից` հայկական իժ եւ անդրկովկասյան սահնօձ:Կարեն Մանվելյանը նշել է, որ «ընկերության կողմից շահագործվող տարածքներում նշված կենդանատեսակների պոպուլյացիա չի հանդիպում, այս տեսակներն այնտեղ չեն բնադրվում»: Նա հավելել է, որ հանքավայրի շահագործումը կարող է այնուամենայնիվ ազդել շրջակայքում բնակվող կենդանիների տեղաշարժի վրա:«Գեոթիմ»-ի գլխավոր բնապահպան Արմեն Ստեփանյանը նշել է, որ ընկերության կողմից բնապահպանական հետազոտությունները սկսվել են 2008-ից եւ «ընկերության գործունեության մեջ մեծ տեղ է տրվում բուսատեսակների եւ կենդանատեսակների պահպանությանը, ինչը, որպես խիստ պահանջ, դրված է նաեւ Գեոթիմի մայր ընկերության` Լիդիան Ինթերնեյշնլի միջազգային բաժնետերերի կողմից»: Ինչ վերաբերվում է Ամուլսարի տարածքում հայտնաբերված կարմիր գրքում գրանցված միակ տեսակին՝ Մատնունի ծիրանավոր բույսին, ըստ Արմեն Ստեփանյանի, այն հայտնաբերվել է ոչ թե բուն հանքի տարածում, այլ լիցենզիայով Գեոթիմին տրամադրված հետախուզման տարածում, եւ դրան վտանգ չի սպառնում: Կարեն Մանվելյանն ասել է, որ ուսումնասիրության հիման վրա պատրաստվում են տնտեսական հաշվարկ ներկայացնել ՀՀ բնապահպանության նախարարությանը, իսկ Արմեն Ստեփանյանը վստահեցրել է, որ «ընկերության կողմից կձեռնարկեն համապատասխան միջոցառումներ կենսաբազմազանության վրա ազդեցությունը կանխելու նպատակով՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան»:Նրա փոխանցմամբ այս պահին միջազգային 10 փորձագետներ Գեոթիմի պատվերով տարածքում թռչնատեսակների ուսումնասիրություն են իրականացնում եւ դրա վերջնական արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես: Արմեն Ստեփանյանը վստահեցրել է, որ Գեոթիմը լուրջ է վերաբերվում բնապահպանական ու սոցիալական բոլոր խնդիրները միջազգային լավագույն փորձի շրջանակներում լուծելու պարտավորությանը: Tweet Դիտում՝ 1649