ԱՄՀ. Ժամանակն է, որ ՀՀ կառավարությունը գործի

15.05.2013 | 13:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը եւ Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան հանդես են եկել Հայաստանի նորանշանակ կառավարության առջեւ կանգնած մարտահրավերների վերաբերյալ համատեղ հոդվածով:

Հոդվածում առկա է սուր քննադատություն իրականացվող տնտեսական քաղաքականության հասցեին: Ներկայացնում ենք հոդվածի ամենաուշագրավ կետերը.

•    Հայաստանի մեկուսացված աշխարհագրական դիրքը լուրջ արգելք է, հատկապես` ներքին շուկայի փոքր լինելու պայմաններում: Այս արգելքի վերացումը պետք է առաջնահերթ լինի: Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ աշխարհագրական դիրքի եւ աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով երկրները չեն դատապարտվում տնտեսական միջակության: Հայաստանի մեկուսացումը պահանջում է կիրառել ավելի լավ քաղաքականություն, որի անքակտելի մասն են կազմում ազատ առեւտրի համաձայնագրերը, ենթակառուցվածքի վերազինումը, ավիացիայի համակարգի բարեփոխումը եւ հարեւանների հետ կապերի ստեղծմանն ուղղված հետագա դիվանագիտական ջանքերը:       

•    Հարկավոր են հավակնոտ միջոցառումներ՝ խթանելու համար տնտեսական աճի գլխավոր շարժիչը հանդիսացող մասնավոր ներդրումները: Դեռեւս համատարած են այնպիսի իրավիճակները, երբ արտոնյալ շուկայական պայմաններ են ապահովվում լավ կապեր ունեցող մասնակիցների համար, կամ տնտեսվարող սուբյեկտները ունենում են շահույթների անարդարացի կորուստներ: Քանի դեռ չկան վճռական քաղաքականություն եւ պատշաճ շարժառիթներ ռիսկ ստանձնելու համար, չեն լինի բավարար ներդրումներ, աշխատատեղեր կամ հույս Հայաստանի ապագայի նկատմամբ:   

•    Պետությունը պետք է լինի ավելի արդյունավետ: Կառավարությունը պետք է ավելին անի հարկեր հավաքելու համար. որոշակի հարկեր, օրինակ ակցիզային հարկերը, միջազգայինի համեմատ ցածր են, չափազանց ցածր է նաեւ որոշ ընկերություններից եւ ոլորտներից հավաքագրվող հարկերի մակարդակը: Կառավարությունը նաեւ պետք է անի ավելին՝ ապահովելու համար իր ծախսերի արդյունավետությունը, թափանցիկությունը եւ հասցեականությունը: Այն պետք է շարունակի նաեւ ապահովել, որ պետական միջոցները չօգտագործվեն վատ կառավարվող մասնավոր ընկերությունները փրկելու համար:

•    Մեր կարծիքով,  աստիճանական մոտեցումն արդեն սպառել է իրեն: Եթե փոփոխությունները չլինեն արագ եւ խորը, ապա այն դրական արդյունքները, որ հայերը ցանկանում են տեսնել, նույնպես կլինեն աստիճանական, եթե դրական արդյունքներ ընդհանրապես լինեն: Արագ եւ համապարփակ իրականացված վճռական փոփոխությունները պետք է համոզեն հայերին եւ արտաքին աշխարհին, որ հասարակությունը պարգեւատրում է նրանց, ովքեր շատ են աշխատում, լայնախոհ են եւ օգտագործում են հնարավորությունները, այլ ոչ թե նրանց, ում լավագույն ակտիվը արտոնյալ կապերն են:

•    Հայ աշխատավորները, կառավարիչները, ուսանողներն ու թոշակառուները՝ բոլոր հայերը, պետք է գիտակցեն, որ խաղի կանոնները անաչառ են, բաց եւ նպատակաուղղված են ապահովել լավագույն լուծումներ շարքային հայերի համար. նրանք պետք է կարողանան հավատալ, որ պետությունը գործընկեր է, այլ ոչ թե հակառակորդ կամ ամրագրված շահագրգիռ կողմերի շահերի պաշտպան:     

•    Դրամատիկ փոփոխությունները չեն իրականանում կրքոտ հռետորության արդյունքում կամ քաղաքականության դանդաղ եւ աստիճանական փոփոխությունների արդյունքում. դրանք պահանջում են արմատապես վերափոխող ռազմավարություն՝ հստակ ազդանշաններով, որ որոշ վարքագծեր այլեւս չեն հանդուրժվելու հայ հասարակությունում: Այդ փոփոխությունները կարող են ազատ արձակել հայ ժողովրդի ողջ ներուժը: Ժամանակն է, որ կառավարությունը գործի:

Դիտում՝ 1662
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW