Գեոթիմ ընկերության եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համատեղ՝ “Սպորտի եւ խաղաղության դպրոցներ” նախագիծը “մասսայական ֆուտբոլ” անվանակարգում 53 երկրների ծրագրերի մեջ արժանացել է ՈՒԵՖԱ-ի HatTrick ծրագրի մրցանակին, որպես համայնքային լավագույն ծրագիր:Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերությունում, մրցանակի մասին տեղեկատվությունը տեղադրված է նաեւ ՈՒԵՖԱ-ի կայքում:Գեոթիմի եւ ՀՖՖ-ի համատեղ ծրագիրը նպատակ ուներ խրախուսել ֆուտբոլի եւ սպորտի զարգացումը մասնակից համայնքներում (Գորայք, Սարավան, Գնդեվազ), նպաստել երեխաների եւ երիտասարդների զարգացմանը եւ շփմանը՝ սպորտի, առողջ ապրելակերպի, թիմային աշխատանքի եւ նախաձեռնողականության զարգացման միջոցով, ինչպես նաեւ աջակցել սպորտային, մշակութային եւ միջանձնային փորձի փոխանակմանը: 2012 թ. ընթացքում ավելի քան 140 երեխա Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի Սարավան, Գորայք եւ Գնդեվազ համայնքներից մասնակցեցին նախագծին: Ծրագրի կարգախոսը՝ “Մեկ թիմ, մեկ նպատակ”, արտահայտում էր ծրագրի էությունը` բոլոր գործընկերների՝ Գեոթիմի, ՀՖՖ-ի եւ համայնքների համատեղ ջանքերով նպաստել երեխաների զարգացմանը` ինտերակտիվ միջոցառումների, ամառային ճամբարի, ֆուտբոլային մրցաշարերի, միջհամայնքային մրցույթների միջոցով: Ծրագրի ընթացքում երեխաները նաեւ գիտելիք ձեռք բերեցին առողջ ապրելակերպի մասին, սովորեցին թիմային աշխատանքի միջոցով խնդիրներ լուծել: Ծրագրի շրջանակներում համայնքի դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները ձեռք բերեցին մարզչի հմտություններ եւ սպորտի ու ֆիզիկական պատրաստվածության բնագավառում տեխնիկական նորամուծություններ սովորեցին, որոնք այժմ կիրառում են համայնքների դպրոցներում:Ծրագիրը Գեոթիմի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի մաս է եւ նպատակ ունի խրախուսելու սպորտը եւ թիմային աշխատանքը Ամուլսարի ազդակիր համայնքների՝ Գորայքի, Սարավանի, Գնդեվազի երեխաների շրջանում: Ծրագիրը նաեւ ուղղված է միջհամայնքային կապերի ամրապնդմանը, հանդուրժողականության եւ միմյանց ճանաչելու կարեւորության ընդգծմանը:Գեոթիմն այժմ աջակցում է ծրագրի շարունակությանը եւ ընդլայնմանը՝ ներառելով 160 երեխա Գորայքից, Սարավանից, Գնդեվազից եւ Կեչուտից: Դպրոցի 4 մանկավարժներ նույնպես կլինեն ծրագրի մասը 2013թ. ամբողջ ընթացքում:«Կորպորատիվ պատասխանատվությունը Գեոթիմի համար ոչ միայն հիմնական գործառույթների միջազգային բարձր չափանիշներին համապատասխանեցումն է, մասնավորապես՝ բնապահպանական եւ սոցիալական լավագույն կառավարումը, ֆինանսական թափանցիկությունը եւ հաշվետու լինելը: Մենք նաեւ, որպես սոցիալական պատասխանատվության մաս ենք դիտարկում համայնքների համար առավելագույն օգուտների ապահովումը, այդ թվում՝ հանրային եւ մշակութային կյանքի բարելավման ոլորտում», - նշել են ընկերությունում: Tweet Դիտում՝ 3738