Մանուկների ոչ մանկական խնդիրները

03.05.2013 | 09:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արդեն մի քանի ամիս է` «Հայ մայրեր» հասարակական կազմակերպությունն իրականացնում է դրամահավաք` հավաքած միջոցներն ուղղելով գլխուղեղի վնասվածքով մանուկներին` ջրային եւ հիպոթերապիա անցնելու համար: ՀԿ-ի նախաձեռնությամբ, Ամերիաբանկի հետ  համատեղ վերջերս իրականացվեց «Մեկ գավաթ սուրճի փոխարեն» ակցիան, որի շնորհիվ 14 փոքրիկ այժմ ստանում է վերականգնողական բուժում: Իսկ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը  «Հայ մայրեր»-ին տրամադրել է 7000 կարճ համարը, որին ուղարկելով manuk բառը, յուրաքանչյուր բաժանորդ 500 դրամ է փոխանցում երեխաների թերապիայի համար:

«Հայ մայրեր» ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանը Մեդիամաքս գործակալության Banks.am պորտալին պատմել է կազմակերպության գործունեության, նպատակների ու անելիքների մասին:

«2010 թվականին իմ երկրորդ տղան ծնվեց թթվածնային քաղցով, 3-4 ամիս բժիշկների օգնությամբ մեծ դժվարությամբ մեծացնում էինք նրան: Ախտորոշման համաձայն, նրա մոտ կային մանկական գլխուղեղային կաթվածի նախանշաններ: Ամուսնուս հետ տղայիս Ֆրանսիա տարանք, որտեղ նրան հստակ ախտորոշում տրվեց` մանկական գլխուղեղային կաթված, մեզ ասացին, որ ցանկալի արդյունքի հասնելու համար երեխայի հետ պետք է աշխատել ամեն օր:

Երբ տղայիս հետ հաճախում էի տարբեր վերականգնողական կենտրոններ, հանդիպում էի մայրերի, ովքեր իրազեկման կարիք ունեին: Նրանցից շատերը չգիտեին իրենց երեխայի հիվանդության եւ դրա զարգացման մասին»,- Մեդիամաքս-ի թղթակցին պատմեց Նարինեն:

Մասնագիտությամբ կենսաբան մեր զրուցակիցը նշեց, որ իր եւ բժիշկ ամուսնու համար ի սկզբանե պարզ է եղել, որ գլխուղեղի վնասվածքի դեպքում երեխայի մոտ ախտահարվում է նաեւ կենտրոնական նյարդային համակարգը:

Մեր զրուցակցի փոխանցմամբ, նշված հիվանդությունը ողբերգություն չէ, պետք է ճիշտ աշխատանք տանել երեխայի հետ, ինչի համար, սակայն, ինֆորմացիայից բացի նաեւ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ:

«Սկզբում որոշեցի բացել էջ Ֆեյսբուքում, որտեղ կմիավորվեն նման խնդիրներ ունեցող երեխաների մայրերը, կքննարկեն իրենց հուզող հարցերը, իսկ ապագա մայրերին կիրազեկենք` ինչպես զերծ մնալ նման խնդրից: Հետագայում ծնվեց նաեւ կազմակերպություն բացելու անհրաժեշտությունը, որը գրանցվել է 2012թ. դեկտեմբերին»,- պատմում է Նարինեն:

Ներկայումս ՀԿ-ն իր հովանավորության տակ է վերցրել 65 փոքրիկների` իրենց մայրերի հետ` առաջնությունը տալով փոքրիկների մտավոր ներուժին: Երեխաների տարիքային խումբը 1-14 տարեկան է:  

Նարինե Մանուկյանի փոխանցմամբ, պետությունը գլխուղեղի վնասվածքով երեխաներին տարեկան երկու անգամ մեկ ամսով տրամադրում է պետպատվերով բուժում, որը ներառում է ֆիզիոթերապիա եւ վերականգնողական այլ կուրսեր:

«Հասկանալով, որ տարվա ընթացքում երկու ամիսը բավական քիչ է արդյունքի հասնելու համար` որոշեցի ընտրել այլ տարբերակ` ջրային եւ հիպոթերապիա, որոնք բավական ընդունված եւ արդյունավետ միջոց են հանդիսանում ողջ աշխարհում»,- ասում է Նարինե Մանուկյանը:
 
Ջրային թերապիայի մարզիչը «Հայ Մայրեր»-ի փոխնախագահ, կինեզոթերապեւտ Միսակ Դարբինյանն է. «Միսակը ջրային թերապիայի մասնագետ չէ, բայց մանկական գլխուղեղային կաթված հիվանդության բուժման ուղղությամբ մասնագիտացած է: Կուրսերից առաջ  համագործակցում ենք երեխաների անձնական ֆիզիոթերապեւտների հետ` հասկանալու համար, թե որ մկանի վրա է պետք է աշխատել: Կարծում եմ, հետագայում կունենանք հնարավորություն Միսակին վերապատրաստման ուղարկելու»,- ասում է մեր զրուցակիցը:

«Նամակներ գրեցի տարբեր գործարարների, պետական պաշտոնյաների: Ճիշտն ասած, ավելին էի սպասում բիզնես միջավայրից, հստակ ծրագիր էի ուղարկել, բայց անհատների, «ֆեյսբուքյան» խմբի անդամների կողմից ավելի շատ արձագանքներ ստացանք»,- նշում է նա:  

Հիպոթերապիայի մասնագետների հետ միասին Նարինեն մշակել ու Երեւանի քաղաքապետին է ներկայացրել մի ծրագիր, որի համաձայն Հանրապետության հրապարակում կշրջի կառք, որի աշխատանքի հասույթը կտրամադրվի երեխաների անվճար հիպոթերապիային:   

«Այս հիվանդությունը փուլերով է ընթանում, փոքրիկը հնարավորություն ունի վերականգնվել մինչեւ 11-14 տարեկան: Որքան  շատ աշխատեն երեխայի հետ, այնքան մեծ արդյունք կստանան: Իմ նպատակն է փոքրիկներին, ինչպես եւ իմ փոքրիկին զերծ պահել ծայրահեղ հաշմանդամ լինելուց` օգնելով, որ կարողանան իրենց նվազագույն կենցաղային կարիքներն ինքնուրույն հոգալ»,- ասում է Նարինեն:

Խոսելով արդյունքների մասին` Նարինեն նշում է, որ բուժման համար տարիներ են պետք: Ներկայումս կազմակերպությանն անդամագրված 65 մանուկները թերապիայի առաջին կուրսն անցնելուց հետո կանցնեն երկրորդը:

Ջրային թերապիայի առաջին խմբի երեխաների ծնողները, Նարինեի փոխանցմամբ, գոհ են արդյունքից, ներկայումս 14 երեխա շաբաթը երեք անգամ կես ժամով անցնում է ջրային թերապիա, իսկ բարերարները շարունակում են ներդրումներ կատարել` հանուն փոքրիկների ապագայի:  

Եթե դուք եւս ցանկանում եք նպաստել մանկական գլխուղեղային կաթվածով հիվանդ երեխաների խնդիրների լուծմանը, կարող եք ձեր ներդրումը կատարել Ամերիաբանկում գործող 1570015189660100 հաշվեհամարին` հայկական դրամով:

Գումարի տնօրինման եւ օգտագործման մասին «Հայ մայրեր» ՀԿ նախագահը պարբերաբար տեղեկացնում է ֆեյսբուքյան «Հայաստանի մայրեր» էջի միջոցով:

Սիրանուշ Եղիազարյան

Դիտում՝ 3701
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW