Անցյալ շաբաթ Երեւանում անցկացվեց միջազգային գիտական սիմպոզիում` նվիրված անցումային տնտեսությամբ երկրներում հանքարդյունաբերության եւ շինարարության ոլորտներում աշխատողների եւ հարակից համայնքների բնակիչների առողջական խնդիրներին: Սիմպոզիումի մասնակիցները Հայաստան էին ժամանել բազմաթիվ երկրներից եւ ներկայացնում էին, թե առողջական ինչպիսի վտանգներ է ներկայացնում հանքարդյունաբերությունը եւ ինչպես այդ վտանգները նվազագույնի հասցնել:Սիմպոզիումի համանախագահ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի դեկանի տեղակալ Վարդուհի Պետրոսյանը, ներկայացնելով Հայաստանում հանքարդյունաբերական ձեռնարկությունների կողմից Ալավերդի եւ Ախթալա համայնքներում շրջակա միջավայրին հասցվող վնասի մասին հետազոտությունը, մի շարք մտահոգիչ թվեր բերեց:Մասնավորապես, Ալավերդի քաղաքում հողի վերցված նմուշների 87%-ում արսենիումի պարունակությունը գերազանցում էր միջազգայնորեն թույլատրելի մակարդակը: Ցինկային եւ կադմիումային թունավորում է հայտնաբերվել անգամ Ալավերդու բակային տարածքներում եւ այգիներում: Մեծ է տարբերությունը նաեւ Ալավերդու եւ հանքարդյունաբերական ձեռնարկություններ չունեցող Գավառ քաղաքների միջեւ նաեւ քաղցկեղի դեպքերով, ինչը վկայում է քաղցկեղածին վտանգների մասին, որոնք իր հետ բերում է հանքարդյունաբերությունը: Ախթալայում 2013-ին վերցված հողի նմուշներում եւս ցինկի, արսենիումի, քրոմիումի եւ կադմիումի պարունակությունը գերազանցում է միջազգայնորեն թույլատրելի նորմերը: Մասնավորապես, Ախթալայի եկեղեցու բակում վերցված հողի նմուշներում արսենիումի պարունակությունը 12 անգամ գերազանցում էր միջազգայնորեն թույլատրելի առավելագույն մակարդակը:ՀԱՀ հետազոտական թիմը հողի նմուշներ է վերցրել տվյալ Լոռու եւս 19 համայնքներից, որոնցում կամ որոնց հարեւանությամբ առկա են հանքեր, պոչամբարներ, ակտիվ կամ լքված մետաղաձուլական գործարաններ: Արդյունքները խիստ մտահոգիչ են. բնակելի տների հարեւանությամբ վերցված նմուշների 65%-ում, մանկապարտեզների եւ դպրոցների բակերի 39%-ում եւ գյուղատնտեսական նշանակության հողերի 51%-ում քրոմիումի պարունակությունը թույլատրելի մակարդակից բարձր էր: Նման թվեր են ստացվել նաեւ կադմիումի պարունակության որոշման ժամանակ: Ավելին` որոշ համայնքներում պոչամբարների նյութերը բնակիչների կողմից օգտագործվում են, որպես շինանյութ:Ի՞նչ անելՀարցի կտրուկ լուծման տարբերակ միշտ կարելի է լսել բնապահպան ակտիվիստներից` փակել մեր երկրում առկա բոլոր հանքերը եւ վերջ: Եթե պատկերացնենք, որ Հայաստանի ղեկավարությունը գնում է այդ քայլին, ապա դրանով մեր երկիրը կդառնա աշխարհում առաջին պետությունը, ով հրաժարվում է հանքարդյունաբերությունից: Եթե դրան գումարենք նաեւ այն հանգամանքը, որ այդ քայլով Հայաստանը կզրկվի իր արտահանման ավելի քան կեսից, ապա նման լուծումն էլ ավելի զավեշտալի է դառնում:Սիմպոզիումին ներկա առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը հարցի լուծումը տեսնում է ոլորտը կարգավորող նորմատիվաիրավական դաշտի բարելավման եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ընդունված «Աշխատողների առողջության պահպանում» համաշխարհային գործողությունների 2008-17թթ. ծրագրի դրույթներին դրա համապատասխանեցման մեջ: Ըստ փոխնախարարի, այդ գործողություններն արդեն իսկ իրականացվում են: «Բարելավվել են մասնագիտական հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումները եւ այդ նպատակով տարեկան շուրջ 18 000 աշխատող ենթարկվում է պարտադիր բուժզննման, ինչի արդյունքում վերջին տարիներին Հայաստանում մասնագիտական հիվանդությունների նոր դեպքեր չեն արձանագրվել, իսկ ոչ մասնագիտական բնույթի առողջական խնդիրներ ունեցող աշխատողները մշտապես կամ ժամանակավորապես տեղափոխվում են այլ աշխատանքի: Բարեփոխման փուլում է նաեւ վերահսկողություն իրականացնող մարմինների գործունեությունը, ինչի կիրառությունը կբարձրացնի գործատուների պատասխանատվությունը: Խոշոր արդյունաբերական համալիրների հարակից բնակավայրերում առողջապահության եւ բնապահպանության նախարարությունները համատեղ իրականացնում են բնակչության առանձին խմբերի եւ շրջակա միջավայրի օբյեկտների մշտադիտարկում», - ասել է Հայկ Դարբինյանը:Ինչո՞ւ սպասել կարգավորմանը Հոդվածի սկզբում բերված թվերը խոսում են այն մասին, որ ոլորտի նորմատիվաիրավական դաշտի կարգավորումը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու եւ հանքարդյունաբերողների կողմից առնվազն անբարոյական է մեկ օր շուտ չդիմել միջոցառումների, որոնք նվազագույնի կհասցնեն շրջակա միջավայրին եւ մարդկանց առողջությանը հասցվող վնասը: Մանավանդ, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում արդեն իսկ կան արտասահմանյան կապիտալով աշխատող ձեռնարկություններ, որոնք որդեգրել են պատասխանատու քաղաքականություն:Մասնավորապես, կանադական Dundee Precious Metals-ի հայաստանյան դուստր, Դինո Գոլդ Մայնինգը (շահագործում է Շահումյանի բազմամետաղ եւ Կապանի պղնձաքարի հանքավայրերը), ըստ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի, վերջին 3 տարում 6 մլրդ դրամի ներդրումներ է իրականացրել բնապահպանական նախագծերում եւ 2 մլրդ-ի` աշխատակիցների առողջության անվտանգության ապահովման ծրագրերում:Բնապահպանական արդի նորմերն է իր մոտ ներդնում նաեւ Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել պատրաստվող բրիտանական Lydian International-ի հայաստանյան դուստր Գեոթիմ ընկերությունը: Գեոթիմի բնապահպանական ու սոցիալական հարցերով տնօրեն Արմեն Ստեփանյանը պատմում է, որ ընկերությունը, ունենալով այնպիսի բաժնետերեր, ինչպիսիք են Միջազգային ֆինանսական կորպորացիան եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, որոնք, իրենց հերթին, խիստ հետեւում են Առողջապահության միջազգային կազմակերպության նորմերին, Հայաստան է բերում համաշխարհային լավագույն փորձը, ինչը թույլ է տալիս նվազագույնի հասցնել հանքարդյունաբերության բացասական ազդեցությունը մարդկանց առողջության վրա: «Եթե լիարժեք կիրառվեն արդի տեխնոլոգիաները, անցկացվեն բոլոր կանխարգելիչ միջոցառումները, եւ կատարվի պատշաճ բնապահպանական մշտադիտարկում, ապա ամեն ինչ կառավարելի է», - ասում է Արմեն Ստեփանյանը, հավելելով, որ տարածաշրջանում հողերի, ջրերի եւ օդի բաղադրությունը, ինչպես նաեւ բնակչության առողջական վիճակը պարտադիր մշտադիտարկման առարկա է լինելու հանքի շահագործման ողջ ընթացքում: Նա պատմել է, որ, մասնավորապես, ընկերության ջարդիչ կայանների տեղադրումը փակ շենքերում շուրջ 90%-ով կնվազեցնի փոշու արտանետումների քանակը, իսկ ամբողջությամբ փակ ցիկլով իրականացվելիք ջրաշրջանառությունը կբացառի արդյունաբերական ջրերի արտահոսքը: Նմանօրինակ պրակտիկայի առկայությունը Հայաստանում ուրախալի է եւ հուսադրող, սակայն, քանի դեռ այն չի կիրառվում ողջ ոլորտի կողմից, իրավիճակը հեռու է բարվոք լինելուց:Ռուբեն Հարությունյան Tweet Դիտում՝ 3989