Յունիստրիմ համակարգի նախագահ Սուրեն Հայրիյանն ասել է, որ «Յունիստրիմը օֆշորներ չունի այն պարզ պատճառով, որ դրանք մեզ հարկավոր չեն»:Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Bankir.ru պորտալին տված հարցազրույցում Սուրեն Հայրիյանն ասել է. «Մենք մեր բանկն ունենք՝ «Յունիստրիմ» ԱԲ ԲԲԸ, որը 2006 թվականից հաջողությամբ իրականացնում է համակարգի բոլոր հաշվարկները եւ վարում է դրանք մեր հաճախորդների հետ: Մեզ օֆշորային բանկեր անհրաժեշտ չեն: Մենք դրամական փոխանցումներ ենք իրականացնում, որոնք կարող են վայրկենապես տրամադրվել: Այո, փողերն անցնում են նաեւ այլ բանկերի միջոցով, սակայն հենց դրանում է կայանում մեր մասնագետների արվեստը` գնահատել ռիսկը այս կամ այն իրավիճակում եւ հոսքերը տեղափոխել անվտանգ ուղիով»:Պատասխանելով Կիպրոսում Յունիստրիմի աշխատանքը շարունակելու վերաբերյալ հարցին` Սուրեն Հայրիյանը նշել է. «Մենք գործ ենք ունեցել ավելի բարդ իրավիճակների հետ, քան Կիպրոսը: Մենք քաղաքական անկայուն վիճակ ենք ունեցել ԱՊՀ երկրներից մեկում, որտեղ հակամարտություն կար եւ գործառնական ռիսկերը անցնում էին բոլոր սահմանները: Սակայն, կարեւորն այն է, որ բոլոր ընդունվող փոխանցումները տեղ էին հասնում եւ դրանցից ոչ մեկը չէր կորել կամ տրվել ժամկետներից ուշ: Ահա, թե ինչն է կարեւոր: Այո, Կիպրոսի բանկային համակարգում շատ լուրջ խնդիրներ կան: Սակայն այդ խնդիրները ոչ մի կերպ չեն ազդում Յունիստրիմի փոխանցումների վրա: Մենք հենվում ենք մեզ փոխկապակցված Unistream Cyprus ընկերության վրա եւ այն աշխատում է ժամացույցի պես»: Անդրադառնալով Յունիստրիմ համակարգի մրցակցային առավելություններին, Սուրեն Հայրիյանն ընդգծել է. «Մեր առավելությունը մի շարք գործոններն են, որոնք շտկվել են 12 տարվա աշխատանքի ընթացքում: Վերջին օրինակներից կարող եմ բերել հետեւյալը. մենք համարում ենք, որ մարդիկ չպետք է հավելյալ վճարներ կատարեն ծառայությունների համար, իսկ սակագները պետք է արդար լինեն, ընդ որում դրան կարելի է հասնել օպտիմալ որակի պահպանման դեպքում: Եվ մենք դա իրականացրել ենք. չէ՞ որ Յունիստրիմը հայտնի է Հայաստանում եւ Ղրղըզստանում իր զրոյական սակագներով: Իսկ գիտե՞ք, քանի անգամ են մեր մրցակիցները կրկնօրինակել մեր սակագնային փաթեթները»: Սուրեն Հայրիյանը անցյալ տարվա աշնանը Banks.am պորտալին տված հարցազրույցում անդրադարձել էր հայկական շուկայում առկա մրցակցությանը. «Շուկան հեռանկարային է, եւ դրա ներուժն աճում է: Բացի այդ, ես մենաշնորհի կողմնակից չեմ: Ուստի, կարծում եմ, որ ոլորտը եւս պետք է մրցունակ լինի, ինչը նշանակում է, որ պետք է համապատասխան քանակի խաղացողներ լինեն: Ինձ համար այդ հարցում ելակետ են հանդիսանում հաճախորդի շահերը: Իսկ նրանք միայն շահում են մրցակցության բարձր մակարդակից, ինչը, ի դեպ, ստիպում է խոշոր խաղացողներին լինել լավ «մարզավիճակում»: Աշխատանքի հիմնական նախապայմանը՝ հավասար պայմաններ ապահովել բոլորի համար: Առավել եւս, որ մենք չենք վախենում մրցունակությունից»: Tweet Դիտում՝ 4302