Սպառողներիս իրավունքների պաշտպանության մասին այսօր շատ է խոսվում, եւ դա լավ է՝ մեր իրավունքները խախտվում են ամեն քայլափոխին, խախտվում են մեր տեղական, հայրենական ապրանք արտադրող, ծառայություն մատուցող բիզնես կառույցների կողմից: Շատ ողջունելի է, երբ դրա մասին խոսվում է կոնկրետ փաստերի, մասնավոր օրինակների հիման վրա: Դա հնարավորություն է ընձեռում այս կամ այն ոլորտը վերահսկող պետական մարմիններին, հասարակական կազմակերպություններին եւ լրագրողներին գնալ մասնավոր դեպքերի հետքերով եւ գոնե փորձել վերականգնել արդարությունը:Այն, որ «աննախադեպ» ու «հաճախորդամետ» առաջարկներով հանդես եկող բիզնես միավորներից շատերի գործելակերպը չի տեղավորվում բիզնես տրամաբանության մեջ, կարծում եմ, նորություն չէ: Բայց ե՞րբ եւ ու՞ր կորավ մարդկային տրամաբանությունը: Զավեշտալի է, բայց այսօր մեր երեխաները եւս պաշտպանվելու խիստ կարիք ունեն տեղական, հայրենական, տվյալ դեպքում՝ Մանուկների համար ծառայություն մատուցող, Կարապի լճի տարածքում տեղակայված «Ամերիկանո» մանկական սրճարան-խաղասրահից: Տղայիս հետ հաճախ ենք այցելում նշված խաղասրահը, որտեղ գործում են տարատեսակ մանկական ատրակցիոններ (խաղային ապարատներ): Դրանցից մի քանիսը՝ անկախ խաղի արդյունքից (հավաքած միավորներից) յուրաքանչյուր խաղափուլի ավարտին ավտոմատ կերպով տրամադրում են 1 կտրոն: Համապատասխան քանակի կտրոններ հավաքելուց հետո երեխաներին տրամադրվում են տարբեր տեսակի խաղալիք-մրցանակներ, որոնց «արժեքավորությունը» ուղղակիորեն կախված է կուտակած կտրոնների քանակից: Ընդ որում, կապ չունի, թե այդ կտրոնները որքան այցելությունների արդյունքում, կամ ինչ ժամանակահատվածում են կուտակվել՝ նման սահմանափակումներ նշված չեն կտրոնի վրա, դա ոչ մի կերպ չի քննարկվում նաեւ խաղասրահի ադմինիստրացիայի կողմից: Ավելին, տղաս արդեն մեկ անգամ չէ, որ ստացել է մրցանակ-խաղալիքներ, որոնցից յուրաքանչյուրը տրամադրվել է մի քանի այցելությունների արդյունքում կուտակած կտրոնների դիմաց:Խաղասրահի ամեն մի այցելություն տղայիս համար շատ սպասված է: Շատ սպասված էր նաեւ անցած շաբաթ օրվա մեր այցելությունը՝ գիտեր, որ այս անգամ եւս իրեն սպասում է խաղալիք-մրցանակ՝ կտրոնների քանակն ավելին քան բավարար էր մրցանակը ստանալու համար: Նրան տոն էր սպասվում, փոքրիկ, բայց մանկական արդար ու ազնիվ սպասումներով լի տոն: Բայց տոնը հետաձգվեց: Պարզվեց, որ նրա կուտակած կտրոնների մի մասը՝ ի սկզբանե շրջանառության մեջ գտնվող ավանդական կարմիր կտրոններն այլեւս «ուժի» մեջ չեն: Այսուհետ «գործում են» միայն դեղին կտրոնները, որոնք կարմիրների հետ մեկտեղ եւս կային մեզ մոտ: «Մեր ղեկավարությունը նոր օրենք է ընդունել»,- տղայիս ներկայությամբ շատ հանգիստ տոնով հայտարարեց խաղասրահի երիտասարդ աշխատակցուհին: Նայելով տղայիս աչքերին հասկացա, որ իրավունք չունեմ չանդրադառնալ այս դեպքին, քանի որ սա բնավ մասնավոր դեպք չէ: Նման ապշած, հիասթափված, բայց միեւնույն է՝ բարի սպասումներով լի աչքերով իրենց ծնողներին կարող են հայացք ուղել առնվազն եւս մի քանի տասնյակ մանուկներ, ում մանկական ձեռքերում շատ հնարավոր է դեռ մնացել են այդ «բախտորոշ» կարմիր կտրոնները: Տոնը հետաձգվեց, բայց չավարտվեց: Մինչ տղաս խաղում էր, սպասում էի խաղասրահի ադմինիստրացիայի պարզաբանմանը: Ի վերջո, 40 րոպե անց նույն աշխատակցուհին հայտնեց, որ կարող ենք փոխարինել մեր ունեցած կտրոնները՝ ներառյալ կարմիրները մրցանակ-խաղալիքով: Սակայն դա տեղի չունեցավ: Այս անգամ իմ մեղքով՝ ներկայացա եւ շատ հստակ տեղեկացրեցի, որ փաստի առնչությամբ նյութ կպատրաստվի եւ մեր ունեցած կտրոններն անհրաժեշտ կլինեն նյութին կցելու համար: Տոնը հետաձգվեց, բայց չավարտվեց եւ, վստահ եմ, դեռ երկար կշարունակվի, քանի որ մենք՝ մեծերս պարզապես իրավունք ՉՈՒՆԵՆՔ ժամանակից շուտ զրկելու մեր Երեխաներին Մանկությունից: «Մեր ղեկավարությունը նոր օրենք է ընդունել», - սթափվե՛ք, պարոնայք, դուք «գործ ունեք», նուրբ եւ փխրուն մանկական հոգեբանության հետ… Իսկ ո՞ր օրենքներով է պաշտպանվում մեր երեխաների մանկությունը: Սա շատ անկեղծ ու պատասխանի ակնկալիքով հարց է, ուղղված ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմիններին: Խորեն Օրմանյան Մեդիամաքս-ի փոխտնօրեն Tweet Դիտում՝ 5879