Պե՞տք է մեզ նոր Արմավիա

02.04.2013 | 09:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանը մնաց առանց ազգային ավիափոխադրողի: Հայկական մամուլը հեղեղված է Արմավիա-ի սնանկացման մասին լուրերով, այնպես որ հարկ չենք համարում եւս մեկ անգամ անդրադառնալ այդ ընկերության ֆինանսական դժվարություններին, հատկապես, որ այդ մասին տեղեկատվությունը այնքան է քողարկված ու խեղաթյուրված, որ խորանալն անիմաստ է. մի քանի ամիս առաջ դիմեցինք Արմավիա-ին իր ֆինանսական հաշվետվությունը մեզ տրամադրելու խնդրանքով, սակայն մերժվեցինք այն պատճառաբանությամբ, որ «դա առեւտրային գաղտնիք է»:

Ասենք միայն, որ մոտավոր հաշվարկներով ավիաընկերության համախառն պարտքը կազմում է $25 մլն եւ հիմա, սնանկ ճանաչվելով, ընկերության ակտիվները աճուրդով վաճառվելու են` այդ պարտքերը մարելու համար: Արմավիա-ի հիմնական ակտիվները իր 11 օդանավերն են, որոնց մեծ մասը ձեռք է բերվել լիզինգով, այնպես որ դրանք դժվար թե օգնեն սնանկացած ավիաընկերությանն ամբողջությամբ մարել պարտքերը:

Պարտքերի մարման հարցում ավիաընկերությանն օգնելու է Հայաստանի կառավարությունը, որն էլ ժամանակին լիցենզավորել է Արմավիա-ին` մինչեւ 2013թ. ապրիլ տրամադրելով իրեն Հայաստանից կանոնավոր չվերթների իրականացման բացառիկ իրավունք:

Շատերն այսօր մեղադրում են Հայաստանի կառավարությանը Արմավիա-ին այս արտոնությունը ժամանակին տրամադրելու համար: Եթե մի կողմ դնենք ավիաընկերության սեփականատիրոջ` իշխանությունների հետ սերտաճած լինելու խոսակցությունները եւ դիտարկենք այս հարցը զուտ տնտեսագիտական տեսանկյունից, ապա կառավարության այս քայլը բացատրվում է նրանով, որ Հայաստանի փոքր ներքին շուկայի պարագայում, միայն մենաշնորհային դիրք ունեցող ավիաընկերությունն է ունակ արդյունավետ գործել` ապահովելով կանոնավոր չվերթներ բազմաթիվ ուղղություններով:

Սա տեսականորեն, իսկ ի՞նչ է տեղի ունեցել պրակտիկայում. մրցակցության «բեռից» զրկված ընկերությունը աչքի չէր ընկնում ոչ սպասարկման որակով, ոչ կարգապահությամբ, ոչ ֆինանսական առողջությամբ, ոչ էլ հանրությանն իր խնդիրների մասին նորմալ իրազեկելու ունակությամբ:

Էլ չենք խոսում տոմսերի բարձր գնի մասին, թեեւ պետք է ընդունենք Զվարթնոց օդանավակայանի սպասարկման բարձր գները, հարկերը եւ այլն:  Ի դեպ, հարկերի մասին. Հայաստանի ազգային ավիափոխադրողը 2012-ին վճարել է 286.2 մլն դրամի հարկ (խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնելով 326-րդ տեղը)՝ այս ցուցանիշով էապես զիջելով արտասահմանյան ավիաընկերությունների հայաստանյան ներկայացուցչություններին: Այսպես` ռուսաստանյան Աէրոֆլոտի երեւանյան ներկայացուցչությունը 2012-ին վճարել է 1,9 մլրդ դրամի հարկ, Սիբիր ավիաընկերության ներկայացուցչությունը՝ 1,3 մլրդ դրամի հարկ, իսկ Ավստրիական ավիաուղիների երեւանյան գրասենյակը` 360 մլն դրամ:

Ինչեւէ, Արմավիա-ն այլեւս սնանկ է եւ Հայաստանի կառավարությունը կանգնած է նոր ազգային ավիափոխադրող ստեղծելու խնդրի առջեւ: Իսկ պե՞տք է արդյոք մեզ ազգային փոխադրող: Ուղիղ 10 տարի առաջ սնանկացավ ազգային փոխադրող «Հայկական ավիաուղիներ» պետական  փակ բաժնետիրական ընկերությունը, այսօր` մասնավոր Արմավիան (ընկերության բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Միխայիլ Բաղդասարովին):

Միգուցե այս անգամ պետք է ամբողջովին ազատականացնե՞լ Հայաստանից ավիափոխադրումների շուկան կամ գոնե մեկից ավելի լիցենզիաներ տրամադրել, ինչպես, օրինակ, բջջային կապի շուկայում:

Հայաստանի նորագույն պատմությունը ցույց է տվել, որ նման «ազգային արժեքները» ավելի շատ վնասում են ազգին, քան օգուտ տալիս:

Ռուբեն Հարությունյան

Դիտում՝ 2621
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW