Կիպրոսին դեֆոլտից փրկելու համար €10 մլրդ-ի «շտապ օգնության» տրամադրելու հարցը վերջապես լուծվեց, եւ ավանդների մասսայական արտահոսքից խուսափելու համար 10 օր փակ մնալուց հետո կիպրոսյան բանկերը, ի վերջո, կբացվեն այսօր կեսօրին:

Հաճախորդները, սակայն, չեն կարողանա կանխիկացնել իրենց հաշիվներից ավելի քան €300 օրական. քայլ, որն ուղղված է ավանդների մասսայական արտահոսքի խոչընդոտելուն:

Հիշեցնենք, վարկատու «եռյակը»՝ ԵՄ-ն, Եվրոպական կենտրոնական բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը, Կիպրոսին €10 մլրդ տրամադրելու համար պահանջում էին կղզու կառավարությունից ինքնուրույն հավաքագրել €5.8 մլրդ՝ բանկային ավանդների միանգամյա հարկման ճանապարհով:

Սկզբից նախատեսվում էր մինչեւ €100 հազ. դեպոզիտներից գանձել 6.7%, իսկ այդ գումարը գերազանցողներից՝ 9.9%, սակայն այդ առաջարկը մերժվեց կիպրոսյան խորհրդարանի կողմից, եւ այժմ որոշվեց հարկել միայն խոշոր ավանդատուներին, որոնց ավանդներից, ինչպես սպասվում է, կգանձվի դրանց շուրջ 40%-ը, հաղորդում է BBC-ն:

Կիպրոսը արգելել է նաեւ երկրից կատարվող դրամական բոլոր փոխանցումները՝ այսպիսով դառնալով եվրոգոտու առաջին երկիրը, որը ներդրել է իր մոտ կապիտալի ազատ տեղաշարժի սահմանափակում, մինչդեռ հենց կապիտալի ազատ տեղաշարժի գաղափարն է ընկած այս արժութային միության հիմքում:

Գործարքի արդյունքում կվերակազմավորվի նաեւ Կիպրոսի խոշորագույն բանկը՝ Bank of Cyprus-ը եւ կլուծարվի երկրի երկրորդ խոշորագույն բանկը՝ Laiki-ն:

Այս ամենով ԵՄ-ն եւ առավելապես Գերմանիան հասկացնում են իր հարավային անդամներին եւ առհասարակ բոլորին, որ այսուհետ այդ երկրների ֆինանսական համակարգերում խնդիրների ի հայտ գալու դեպքում դրանց լուծման ոչ պակաս բեռ են կրելու այդ ֆինանսական կառույցներում ներդրողները:

Կիպրոսյան տնտեսությունը վերջին տասնամյակներին ծաղկում էր մեծապես այդ երկրի՝ ռուսաստանյան «սիրելի օֆշոր» լինելու հաշվին: ԵՄ-ն քաջատեղյակ է այդ մասին ու, փաստորեն, Կիպրոսի հետ միասին պատժում է այս երկրի բանկերի ռուսաստանյան ավանդատուներին, որոնց էլ պատկանում է €100 հազարը գերազանցող ավանդների առյուծի բաժինը:

Բայց ի՞նչ է լինելու արդյունքում: Ապահովելո՞ւ է արդյոք կղզուն տրամադրվող օգնությունը եւ խոշոր ավանդատուներից գումարների գանձումը տնտեսական բարեկեցության նախկին մակարդակ: Պատասխանը միանշանակ է՝ ոչ, քանի որ այս միջոցառումները զրկում են Կիպրոսը ներդրումային գրավչությունից, որը վերադարձնելու համար պետք է արդեն այլ ուղիներ փնտրել:

Եվ դա վերաբերում է ոչ միայն Կիպրոսին, այլեւ եվրոգոտու՝ պարտքային խնդիրներով տառապող այլ երկրներին: ԵՄ-ն պարզ հասկացրել է, որ այսուհետ չի հանդուրժելու մեկ արժութային միության սահմաններում փողերի կենտրոնացում մեկ-երկու երկրում այդ երկրի բանկերի շահավետ տոկոսադրույքների շնորհիվ:

Եթե տարածենք Հունաստանի եւ Կիպրոսի օրինակը Հայաստանի վրա, կստացվի մոտավորապես հետեւյալը. Երեւանում դրամային ավանդների տոկոսադրույքները 11-12% են, իսկ, օրինակ, Շիրակի մարզում՝ 15-16%: Ո՞վ է վճարելու արդյունքում Շիրակի ուռճացված բանկերի «պայթելու» գինը:

Այսօր եվրոգոտու բանկերում պահվում է €8 տրիլիոնի ավանդ, իսկ գոտու կառավարությունների տարեկան եկամուտները կազմում են ընդամենը €4.5 տրիլիոն: Այնպես որ, կառավարություններն անգամ ցանկության դեպքում չեն կարող ապահովագրել բոլոր ավանդները, գրում է Economist-ը:

Տնտեսագետները գալիս են այն համոզմունքին, որ այս դիսբալանսներից եվրոգոտուն կփրկեն խաղի ընդհանուր կանոնները գոտու բոլոր բանկերի համար՝ ազգային տնտեսություններից անկախ, ինչպես նաեւ սերտ ֆիսկալ միությունը գոտու երկրների միջեւ՝ Միացյալ Նահանգների օրինակով:

Պատրաստեց Ռուբեն Հարությունյանը:

Դիտում՝ 1734
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW