ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու ՀՀ օրենքների նախագծերին: Դրանց ընդունմամբ նման գործունեություն իրականացնող անձանց եւ ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման հսկողությունը լիարժեք կիրականացվի, կվերացվեն խնդրի կարգավորումը խոչընդոտող օրենսդրական բացերը։ «Մենք Համաշխարհային բանկից առաջարկություններ էինք ստացել ֆինանսական միջոցները հասանելի դարձնելու վերաբերյալ, եւ այնտեղ մի դրվագ կար, որը վերաբերում էր անշարժ գույքի գնահատմանը։ Մասնավորապես, խոսքը գնում է այն մասին, որ միեւնույն գույքը տարբեր գնահատողներ էական տարբերություններով են գնահատում, եւ խնդիրն այն է, որ, ասենք, առեւտրային բանկերն աշխատում են երեք-չորս գնահատողների հետ, ում իրենք վստահում են եւ, որպես կանոն, այդ գնահատողները շատ ցածր են գնահատում գույքը։ Իսկ շուկայում կան այլ գնահատողներ, որոնք տալիս են որակապես այլ գնահատական։ Հիմա մեր առջեւ խնդիր է դրված, որ հասկանանք` ի՞նչ է կատարվում այս բնագավառում, եւ ինչպես այս խնդիրը լուծենք։ Մի կողմից` երեւի առեւտրային բանկերը չպետք է աշխատեն միայն մեկ-երկու գնահատողի հետ, այսինքն` եթե շուկայում կան տասնյակ գնահատողներ, եթե նրանք միայն մեկ-երկուսի հետ են աշխատում, ապա արդեն որոշակի շուկայական շեղում է կատարվում. մրցակցություն չկա, եւ գնահատման օբյեկտիվությունն էլ կորչում է, որովհետեւ առեւտրային բանկն ի սկզբանե պահանջ է դնում, որ շատ խիստ գնահատվի, որպեսզի ռիսկերը նվազեցվեն։ Բայց, մյուս կողմից, տնտեսվարող սուբյեկտների շահերն են ոտնահարվում, որովհետեւ նաեւ մենք շուկայում հստակ պատկերացում չենք ունենում, թե անշարժ գույքի շուկայական գինն ինչպիսին է։ Հիմա այս խնդիրն արձանագրվել է, եւ պետք է կարողանանք լուծում գտնել», - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Դիմելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին` վարչապետն առաջարկել է ուսումնասիրել ոլորտը եւ պարզել, թե այդտեղ կա՞ն ինչ-որ պայմանավորվածություններ, որոնք խաթարում են շուկայի բնականոն զարգացումը։ Մեկ շաբաթվա ընթացքում հրավիրվելու է խորհրդակցություն, որտեղ անդրադարձ կարվի Համաշխարհային բանկի առաջարկություններին եւ այն լրացուցիչ քայլերին, որոնց միջոցով կբարելավվի միջավայրը։ Tweet Դիտում՝ 2127