Չավեսի տնտեսական «ժառանգությունը»

06.03.2013 | 12:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսի մահվան գույժն այսօր համաշխարհային մեդիաների գլխավոր լուրն է: Լատինամերիկյան պետությունը 14 տարի ղեկավարած 58-ամյա վառ անհատականություն հանդիսացող այս սոցիալիստ լիդերի վախճանը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել աշխարհում, եւ դա զարմանալի չէ, քանի որ ինքը Չավեսը եւ իր վարած տնտեսական քաղաքականությունը հեռու էին միանշանակությունից:  

Նախագահը հաճախ կարեւորագույն տնտեսական որոշումներն ընդունում էր սպոնտան կերպով: Նա մեծ սեր ուներ տնտեսական քաղաքականությունում արագ լուծումների հանդեպ, ինչը հանգեցնում էր ազգային արժույթի՝ բոլիվարի, պարբերական կտրուկ արժեզրկումներին, մասնավոր ընկերությունների բռնագրավումներին եւ գնաճն ուժգնացնող հանրային հատվածում վճարների կտրուկ ավելացումներին՝ տնտեսության կառուցվածքային խորը խնդիրների անտեսմամբ, գրում է BBC-ն:

Վերջին նման արժեզրկումը տեղի է ունեցել ս.թ. փետրվարին եւ կազմել 32%, համեմատության համար նշենք, որ Հայաստանի արժեթղթերի շուկան մինչեւ հիմա չի կարող ուշքի գալ 2009-ին տեղի ունեցած դրամի 20%-անոց արժեզրկումից հետո:

Զարմանալի չէ, որ արտասահմանյան ներդրողները նման պայմաններում անգամ չեն էլ մտածում Վենեսուելայում ներդրումներ կատարելու մասին:

Ինչո՞ւ էին սիրում Չավեսին

Շարքային վենեսուելցիները սիրում էին Չավեսին իր սոցիալական ծրագրերի համար. երկրի աղքատները շահել են երկրի նավթային հարստությունից ավելի շատ, քան նախկին կառավարության օրոք:

Վենեսուելան Լատինական Ամերիկայում առանձնանում է եկամուտների ամենաարդար բաշխմամբ. Ջինիի գործակիցը երկրում կազմում է 0.39: Համեմատության համար, Բրազիլիայում ներկայումս այս ցուցանիշն ամենացածրն է այդ երկրի պատմության մեջ եւ կազմում է 0.52:

Սոցիալական հավասարությունը, սակայն, տնտեսական անառողջ կառուցվածքի պարագայում չի կարող ապահովել կայուն զարգացում:

«Վենեսուելան Լատինական Ամերիկայի 5-րդ խոշորագույն տնտեսությունն է, սակայն վերջին տասնամյակում այն գրանցել է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ամենացածր աճը տարածաշրջանում, մինչդեռ հարեւաններ Բրազիլիան եւ Կոլումբիան դինամիկ զարգացել են»,- ասում է Հարվարդի համալսարանի միջազգային զարգացման կենտրոնի պրոֆեսոր Արտուրո Ֆրանկոն:

Իսկ եթե հաշվի առնենք այն փաստը, որ նավթի միջազգային գինն այս տասնամյակում աճել է շուրջ 10 անգամ, Չավեսը պետք է շատ ավելին հասցներ անել իր երկրի համար:

Նավթը կազմում է Վենեսուելայի արտաքին ապրանքաշրջանառության 90%-ը, ինչը նշանակում է, որ երկրի տնտեսությունը բացարձակ չի դիվերսիֆիկացվել: Պետական եկամուտների 50%-ը գալիս է նավթային ոլորտից:

Ուշագրավ է, որ մեծապես հենվելով նավթադոլարների վրա, Վենեսուելայի կառավարությունը չի ներդրել իր նավթային ենթակառուցվածքների զարգացման մեջ: Դրա ապացույցը նավթավերամշակման գործարաններից մեկում 2012-ի օգոստոսին պատահած վթարն է, որի ժամանակ զոհվել է 42 հոգի:

Փոխարենը նավթադոլարները լայնորեն օգտագործվել են սոցիալական բնակարանաշինության, առողջապահության եւ տրանսպորտի ոլորտներում, ինչում էլ հենց կայանում է Չավեսի նման ժողովրդականության գաղտնիքը: Վերջին նախընտրական քարոզարշավին նա, մասնավորապես, խոստացել է մինչեւ 2018 թիվը 3 մլն սոցիալական բնակարան կառուցել:

Բնակարանաշինության ոլորտում պետական ծախսերի կտրուկ աճն առանց տնտեսական կառուցվածքի վերափոխման հանգեցրել է բյուջեի 12% դեֆիցիտի (ըստ Morgan Stanley-ի), իսկ Համաշխարհային բանկի կանխատեսմամբ, Վենեսուելայի տնտեսությունը, որն աճել է 5%-ով 2012-ին, այս տարի կաճի ընդամենը 1.8%-ով:
Եվ դա տարեկան միջին 20% գնաճի պարագայում:

Նման պայմաններում չեն կարող օգնել անգամ հարուստ նավթային պաշարները, եւ Վենեսուելան ապավինել է արտաքին պարտքին: Հիմնական վարկատուն Չինաստանն է: Bloomberg-ի հաշվարկներով, Չինաստանն արդեն տրամադրել է Վենեսուելային $42.5 մլրդ, որոնք պետք է մարվեն 5 տարում, ու դեռեւս անհայտ է, թե ինչի հաշվին:

Այսպիսով՝ Չավեսի տնտեսական «ժառանգությունն» ավելի քան ոչ միանշանակ է:

Դիտում՝ 2030
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW