Սբերբանկը կարող է նախատեսվածից շուտ վճարել Ռուբեն Վարդանյանին

13.02.2013 | 09:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Սբերբանկը քննարկում է Տրոյկա Դիալոգի նախկին սեփականատերերին նախատեսված ժամկետից շուտ վճարելու հնարավորությունը, Վեդոմոստիին հայտնել են Սբերբանկ CIB -ի աշխատակիցը եւ բանկի դիտորդ խորհրդին մոտ կանգնած աղբյուրը:

Սբերբանկը Տրոյկայի ձեռքբերման մասին հայտարարել էր 2011թ. մարտին: Այն ժամանակ ընկերության բաժնետոմսերի 100%-ի համար բանկը վճարել էր $1 մլրդ, իսկ գործարքի վերջնական արժեքը պետք է որոշվեր 2014-ին:

Երկրորդ վճարման չափը կախված է լինելու այն շահույթից, որը Սբերբանկի համար կապահովի Տրոյկան: Բազային սցենարով, եթե միջին տարեկան շահույթը կազմի $175 մլն, վճարը կկազմի շուրջ $700 մլն: Բայց եթե տարեկան շահույթը չհասնի $70 մլն-ին, Սբերբանկը ոչինչ չի վճարի Տրոյկայի նախկին սեփականատերերին:

2012թ. Տրոյկայի շահույթը կազմել է ավելի քան $250 մլն, հայտնել է Սբերբանկ CIB համաղեկավար Ռուբեն Վարդանյանը, որը նախկինում Տրոյկայի խոշորագույն բաժնետերն էր: Նա հաստատել է, որ քննարկվում է գործարքի երկրորդ մասի՝ նախատեսված ժամկետից շուտ կատարումը: Ըստ նրա, դա պայմանավորված է, մասնավորապես, Սբերբանկ CIB-ի ֆինանսական ցուցանիշների նախատեսվածից ավելի արագ աճով (շահույթի այս տարվա կանխատեսումը՝ $500 մլն): Այս դեպքում երկրորդ վճարի չափը, թերթի հաշվարկներով, կկազմի շուրջ $1,2 մլրդ:

«Նման արդյունքները ստացվել են, այդ թվում, Սբերբանկի հնարավորությունների ակտիվ օգտագործման շնորհիվ, որոնք էապես մեծացրել են Սբերբանկ CIB-ի հորիզոնները եւ բազմաթիվ նոր հաճախորդներ են բերել: Քանի առաջ է գնում ինտեգրումը, այնքան դժվար է դառնում հաշվարկել Տրոյկա Դիալոգի ներդրումը Սբերբանկ CIB-ի արդյունքներում, որոնցից էլ կախված է վճարի ծավալը», - բացատրում է Ռուբեն Վարդանյանը:

Նա խոստովանում է, որ դեմ չէ վաղաժամ վճարմանը, քանի որ դա կարագացնի ինտեգրումը, իսկ փողերը «թեեւ ավելի քիչ կլինեն, բայց ավելի վաղ»:

Ըստ ներդրումային բանկիրներից մեկի, ամենասկզբից ակնհայտ էր, որ պետական բանկի մոտ շահերի նման բախում կծագի, քանի որ այն, օգնելով Տրոյկային նոր հաճախորդներ ներգրավել, նպաստում էր վերջինիս բիզնեսին, ինչն էլ ավելացնում է գործարքի գումարը:

Դիտում՝ 3747
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW