Այսօր Երեւանում ներկայացվել է հակամենաշնորհային կարգավորման նոր մոդել՝ «1+3 կոնցեպցիան», որը ենթադրում է մեկ ամբողջական մրցակցային դաշտ եւ 3 տեսակի մենաշնորհ (պետական, բնական եւ արտակարգ):Մոդելը նկարագրվում է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ Հրայր Մարուխյան հիմնադրամի կողմից հրապարակած «Մենաշնորհները Հայաստանում» ուսումնասիրության մեջ:Ներկայացնելով այն այսօր Երեւանում, ուսումնասիրության համահեղինակ, տնտեսագիտության թեկնածու, ՀՅԴ անդամ Արա Նռանյանն ասել է, որ առաջարկվող նոր հայեցակարգային մոտեցումը սահմանում է տնտեսական մրցակցության ապահովման պարզ եւ հասկանալի կանոններ՝ բացառվում է քողարկված մենաշնորհների գոյությունը:«Հայաստանի, ինչպես նաեւ այլ երկրների տնտեսություններում կլինեն մենաշնորհներ, սակայն դրանք բոլորը պետք է ստանան համապատասխան իրավական ձեւակերպումներ: Մնացած բոլոր դեպքերում մենաշնորհները պետք է գոյություն չունենան: Մենաշնորհները պետք է լինեն պետական, բնական կամ արտակարգ: Այդպիսի տնտեսվարողները պետք է ենթարկվեն հատուկ կանոններին, որոնց կիրառմանը հետեւելու է մեկ միասնական հակամենաշնորհային մարմինը», - ասել է Արա Նռանյանը (ենթադրվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) եւ Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի (ՀԾԿՀ) միավորում նոր ընդհանուր մարմնում, որը պետք է տանի հակամենաշնորհային քաղաքականություն, կիրառելով որ թե պատժիչ, այլ կանխարգելիչ միջոցառումներ – խմբ.):Հետազոտության հեղինակները գտնում են, որ հակամենաշնորհային քաղաքականությունը կարող է արդյունավետ լինել, եթե օրենքի մակարդակով ամրագրվի հակամենաշնորհային կարգավորման առարկա հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների հետեւյալ դասակարգումը՝ - ազատ մրցակցության ոլորտում գործող սուբյեկտներ; - օրինական մենաշնորհներ, այդ թվում՝1. պետական մենաշնորհներ;2. բնական մենաշնորհներ՝ պետության կողմից թույլատրված հասարակական իրավահարաբերություններ, որոնց դեպքում ապրանքային շուկայում պահանջարկի բավարարումն առավել արդյունավետ է մրցակցության բացակայությամբ (օդանավակայան, գազամատակարարում, էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանց);3. արտակարգ մենաշնորհներ՝ ապրանքային կամ սպասարկման շուկայում հասարակական հարաբերությունների համակարգ, որը թույլատրված է պետության կողմից որոշակի ժամանակահատվածի համար (օրինակ՝ պատերազմական դրության կամ այլ արտակարգ իրավիճակների ժամանակ):«Այնպիսի գործունեությունը, ինչպես շաքարավազի եւ բենզինի ներկրումը չեն կարող դասվել արտակարգ մենաշնորհների թվին, իսկ եթե պետությունը մեզ կապացուցի, որ այս մենաշնորհները արդարացված են, ապա դրանք ընկնում են պետական կարգավորման տակ եւ այդ ապրանքատեսակների գները այլեւս չեն կարող տատանվել՝ ելնելով դոլարի փոխարժեքից կամ տվյալ ապրանքատեսակիմիջազգային գնից», - ասել է Արա Նռանյանը:Ներկայացնելով Հայաստանի տնտեսության կենտրոնացվածության ներկայիս իրավիճակը, հետազոտության համահեղինակ Արսեն Պետրոսյանը փաստել է, որ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության ընդունումը չի ազդել Հայաստանի տնտեսության մեջ կապիտալի կենտրոնացվածության նվազեցման վրա: «Սննդամթերքների ներմուծման շուկայում կենտրոնացվածությունը հասնում է 50%-ի, իսկ կենցաղային ապրանքների ներմուծման ոլորտում՝ 83%-ի», - ասել է Արսեն Պետրոսյանը:Ըստ հետազոտության, եթե 2003թ. Հայաստան շաքարավազ է ներկրել 21 տնտեսվարող եւ մեկ կգ շաքարավազի ներմուծման արժեքը կազմել է $0,25, իսկ գինը ՀՀ-ում՝ $0,45 (շահութաբերությունը ներմուծման արժեքի նկատմամբ՝ 185%), ապա 2010-ին, երբ շուկայի 99,9%-ը կենտրոնացվել էր մեկ ընկերության ձեռքում, շահութաբերությունը կազմել էր 294% (կգ-ի միջին ներմուծման արժեքը՝ $0,32, կգ-ի գինը ՀՀ-ում՝ $0,93), իսկ 2003-11թթ. շաքարավազի ներմուծման միջին շահութաբերությունը կազմել է 238%:Նման, թեեւ փոքր-ինչ ավելի մեղմ պատկեր է բենզինի ներմուծման ոլորտում, որտեղ մնացել են ընդամենը 5 ընկերություններ: 2003-11թթ. մեկ լիտր բենզինի վաճառքի գինը ներմուծման գնից թանկ է եղել միջինում 44.31%-ով, իսկ շուկայի կենտրոնացվածության աստիճանը կազմել է 93,9%:Հետազոտության մյուս համահեղինակ Հայկ Հովհաննիսյանն ասել է, որ տարբեր ապրանքային շուկաներում ներմուծման մենաշնորհների առկայությունը բերում է տեղական գների բարձր մակարդակին, օտարերկրյա ներդրումների նվազմանը, կապիտալի շուկայի պասիվությանը, ՓՄՁ-ների աճի սահմանափակմանը եւ արտաքին շուկաներում Հայաստանի ցածր մրցունակությանը: Արդյունքում 2009-2010 Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանը մրցակցային միջավայրը բնութագրող բոլոր ցուցանիշներով 139 երկրների շարքում գտնվում է ամենաներքեւի հորիզոնականներում, իսկ մրցակցային քաղաքականության արդյունավետության տեսանկյունից մեր երկիրը նախավերջին տեղում է, ինչը վկայում է, որ Հայաստանյան շուկայում իրավիճակը չի փոփոխվում: Արա Նռանյանը հիշեցրել է 2009-ի վերջին Հայաստանն այցելած Համաշխարհային բանկի գործադիր տնօրենի խոսքերը, համաձայն որոնց նման «օլիգոպոլիստական» կառուցվածքով տնտեսությամբ Հայաստանը երբեք չի կարող դառնալ միջին կամ բարձր եկամուտ ունեցող երկիր: Տնտեսագետն ասել է, որ ուսումնասիրությունը պետք է քննարկումների առարկա դառնա ինչպես հասարակական շրջանակներում, այնպես էլ օրենսդիր եւ գործադիր իշխանությունում:Ռուբեն Հարությունյան Tweet Դիտում՝ 2160