Երեկ ԲՏԱ Բանկը պարզաբանում էր ներկայացնել ս.թ. փետրվարի 1-ին Մեդիամաքս-ի հրապարակման մեջ իր արտաքին աուդիտին վերաբերող տեղեկատվության վերաբերյալ:«Նշված հոդվածում «վերապահումով» բառը վերաբերվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից ներկայացված որոշ պահանջների թերի կատարմանը, այլ ոչ թե բանկի ֆինանսական կայունությանը: Նշենք նաեւ, որ նշված ժամանակահատվածի համար ԲՏԱ Բանկը 63%-ով մեծացրել է տնտեսության վարկավորման ծավալները: Բանկը զգալիորեն կրճատելով սպառողական վարկավորման պորտֆելն առավելագույնս դիվերսիֆիկացրել է վարկային պորտֆելը, դրանով իսկ բացառելով ռիսկերի կոնցենտրացումը: Մասնավորապես, բանկն էապես ակտիվացել է ՓՄՁ վարկավորման ոլորտում, որտեղ վարկային ներդրումների աճը կազմել է մոտ 66%, տրանսպորտի եւ կապի ոլորտում այդ աճը կազմել է 61%, առեւտրի հատվածում` մոտ 30%, հասարակական սննդի եւ ծառայությունների ոլորտում` 18%: Այս ամենի շնորհիվ 2011 թվականին բանկն ապահովել է վարկային պորտֆելի 13.2% աճ: Արդյունքում, բանկի ակտիվները աճեցին 14%-ով», - ասվում էր պարզաբանման մեջ:Երեկ մենք նշել էինք, որ Մեդիամաքս-ը «Աուդիտի ոչ դրական արդյունքների մասին» նյութը պատրաստելիս օգտվել է բացառապես ս.թ. փետրվարի 1-ին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունից ու կից ցանկից:Ստանալով ԲՏԱ Բանկի պարզաբանումը, որոշեցինք ավելի ուշադիր ծանոթանալ վերջինիս` 2011 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտվող տարվա համարԱնկախ աուդիտորական եզրակացության հետ, որը պատրաստվել է «Էրնստ ընդ Յանգ» ՓԲԸ կողմից եւ հասանելի է ԲՏԱ Բանկի պաշտոնական կայքում`http://www.bta.am/res/hashvetvutyunner/2011%20international/FS_BTAA_2011_Arm.pdf:Աուդիտորի եզրակացության մեջ կա այսպիսի հատված.«Առանց փոխելու մեր կարծիքը՝ մենք ուշադրություն ենք հրավիրում Ծանոթագրություն 2-ին, որտեղ նկարագրվում են Կենտրոնական բանկի կողմից պարտադրված սահմանափակումները «ԲՏԱ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ, եւ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի կողմից չիրագործված՝ կանոնադրական կապիտալի ավելացման վերաբերյալ հանձնարարականը։ Այս գործոնները վկայում են էական անորոշության առկայության մասին, որոնք կարող են կասկածի տակ դնել Բանկի գործունեության անընդհատությունը։»Իսկ Ծանոթագրություն 2-ում, մասնավորապես, գրված է. «2011թ. եւ 2010թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկը էական սահմանափակումներ է դրել Բանկի գործունեության նկատմամբ. սահմանափակումները ներառում են նոր վարկերի տրամադրման եւ ներգրավվող ավանդների տոկոսադրույքների առավելագույն սահմանաչափերը, նոր մասնաճյուղերի բացման եւ կապակցված անձանց հետ որոշակի գործառնություններ իրականացնելու գծով սահմանափակումները, ինչպես նաեւ Բանկի կանոնադրական կապիտալի ավելացման հանձնարարականը: 2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Բանկը չի բավարարել ՀՀ կենտրոնական բանկի հանձնարարականը՝ կանոնադրական կապիտալի ավելացման գծով: Այս հանգամանքները վկայում են էական անորոշության առկայության մասին, որը կարող է կասկածի տակ դնել Բանկի հետագա գործունեության անընդհատությունը, ինչը նշանակում է, որ բնականոն գործունեության ընթացքում հնարավոր չի լինի իրացնել ակտիվները եւ մարել պարտավորությունները»: Tweet Դիտում՝ 3042