ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր առաջարկել է խոշոր ընկերությունների աուդիտի տվյալները ներկայացնել մեկ կայքում:«Երեք տարի առաջ ՀՀ-ում օրենսդրորեն մի նորմ սահմանեցինք, որ խոշոր ձեռնարկությունները պարտավոր են արտաքին աուդիտ իրականացնել եւ հանրությանը հաշվետվություն տալ իրենց ֆինանսական իրավիճակի վերաբերյալ։ Այսօր ֆինանսների նախարարն ինձ զեկուցել է, որ նրանք ամփոփել են 2012 թվականի արդյունքները։ 800-ից ավելի խոշոր ձեռնարկություններ պետք է ներկայացնեին այդ հաշվետվությունները։ Կարծում եմ, պարոն Գաբրիելյան, ճիշտ կլինի, որ հաշվետվությունները հավաքենք մեկ կայքում եւ դարձնենք հրապարակային, որպեսզի մեր քաղաքացիները տարբեր թերթերից դժվարություններ չունենան հավաքագրել այդ միասնական տեղեկատվությունը։ Կտեսնենք ընդհանուր պատկերը, թե որոնք են այն ձեռնարկությունները, որոնք խնդիրներ չունեն իրենց ֆինանսական հաշվետվությունների հետ։ Կան նաեւ տասնյակ ձեռնարկություններ, որտեղ ֆինանսական աուդիտորները տեսնում են լուրջ խնդիրներ, բացթողումներ։ Նույնիսկ կան ձեռնարկություններ, որոնց աուդիտորական եզրակացությունը բացասական է։ Դա նշանակում է, որ այդ ձեռնարկությունները վերահսկողության տեսակետից հայտնվելու են ռիսկային դաշտում եւ նրանց նկատմամբ պետության կողմից իրականացվող վարչարարական վերահսկողական գործառույթները լինելու են ավելի խիստ, քան այն ձեռնարկությունների նկատմամբ, որոնց եզրակացություններում աուդիտորական ընկերությունները խնդիրներ չեն հայտնաբերել», - ասել է վարչապետը: Tweet Դիտում՝ 1720