ՀՀ անշարժ գույքի շուկայի մասնակիցները` խուճապի մեջ

22.01.2013 | 09:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամանօրի նախօրեին Ազգային ժողովը կառավարության առաջարկով ընդունեց  օրենսդրական փոփոխություններ, որոնց «պտուղները» տեսանելի են դառնում սկսված տարվա առաջին իսկ օրերից:

Երեկ արդեն անդրադարձել ենք Արտոնագրային վճարների մասին օրենքում կատարված փոփոխություններին, որոնք էական խնդիրներ են ստեղծել ատամնաբույժների համար:

Պարզվում է` ատամնաբույժները փոփոխությունների միակ «զոհերը» չեն. առաջացած բարդ կացության մասին վերջին օրերին բարձրաձայնել են անշարժ գույքի շուկայի մասնակիցները` ռիելթորները. բանն այն է, որ նույն օրենքով անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն իրականացնող ընկերությունները պետք է յուրաքանչյուր աշխատողի համար ամսական վճարեն 60 000 դրամ արտոնագրային վճար, ինչը, ըստ ոլորտի ներկայացուցիչների, տնտեսության այս ճյուղի համար ուղիղ ճանապարհ է դեպի ստվեր, քանի որ նման պայմաններում «բաց» աշխատելն այլեւս անիմաստ է դառնում: 

Ոլորտի ներկայացուցիչներն իրենց շահերը պաշտպանելու նպատակով կազմել են Ռիելթորական ընկերությունների նախաձեռնող խումբ, որը ստորագրահավաք է կազմակերպել նոր օրենսդրության դեմ եւ պատրաստվում է հարցի առնչությամբ բաց նամակով դիմել ՀՀ նախագահին:

Նախաձեռնող խմբի անդամներ, NRAN անշարժ գույքի գործակալության ղեկավարներ Հրաչյա Բուդաղյանը եւ Դավիթ Գեղամյանը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում պատմել են, որ օրենսդրական փոփոխությունը, որը ընդունվել է 2012թ. դեկտեմբերի 19-ին եւ ուժի մեջ մտել տարեսկզբից, տհաճ անակնկալ էր ոլորտի համար:

«Նախկինում ռիելթորական գործունեության հարկումը կատարվում էր ընկերությունների շրջանառությունից` 5%-ի չափով, ինչն ընդունելի էր: Իսկ հիմա, առանց որեւէ հասարակական քննարկումների եւ ոլորտի ներկայացուցիչների կարծիքը հաշվի առնելու, մեր ոլորտն ընդգրկել են Արտոնագրային վճարների մասին օրենքում եւ սահմանել ամսական 60 000 դրամ արտոնագրային վճար յուրաքանչյուր աշխատակցի հաշվով, ինչը անհասկանալի է եւ անընդունելի»,- ասում է Հրաչյա Բուդաղյանը:


NRAN անշարժ գույքի գործակալության տնօրեններ Հրաչյա Բուդաղյանը (աջից) եւ Դավիթ Գեղամյանը
Լուսանկարը՝ NRAN

Դավիթ Գեղամյանը նկատում է, որ խնդիրն էլ ավելի է սրվում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործակալություններում բուն ռիելթորներից բացի աշխատում են նաեւ այլ մասնագետներ` իրավաբաններ, ծրագրավորողներ, հեռախոսավարներ, վարորդներ, լուսանկարիչներ եւ այլն:  

Ըստ մասնագետների, արտոնագրային վճարները, գումարվելով գործակալությունների մնացած ծախսերին, հանգեցնում են նրան, որ ոլորտում աշխատելն ոչ շահավետ է դառնում` հաշվի առնելով նաեւ գործունեության այս տեսակի սեզոնայնությունը:

«Արդյունքում ընկերությունները կամ փակվելու են, կամ կտրուկ կրճատելու են անձնակազմը, ինչը բերելու է ծառայությունների որակի անկման եւ մասնագետների արտագաղթին, կամ նույնքան կտրուկ թանկանալու են մատուցվող ծառայությունները, բայց ամենահավանականը` ոլորտը զանգվածաբար անցնելու է ստվեր»,- ասում է Հրաչյա Բուդաղյանը:

Նախաձեռնող խմբի անդամները նկատում են, որ ոլորտը Հայաստանում վերջին տարիներին բավականին առաջադիմել էր, աստիճանաբար ձեւավորվում էր ռիելթորի ինստիտուտ` էապես փոխելով բնակչության վերաբերմունքն անշարժ գույքի շուկայում միջնորդների նկատմամբ: «Մարդիկ պատրաստակամորեն դիմում են ռիելթորի ծառայություններին, քանի որ մենք տիրապետում ենք շուկայի նրբություններին եւ զերծ ենք պահում հաճախորդներին ամեն տեսակի խարդախություններից: Իսկ այժմ այս ինստիտուտը կրկին վտանգված է, ու եթե օրենսդրությունը չփոխվի, մենք կվերադառնանք 90-ականների սեւ մակլերների շուկա», - ասում է Դավիթ Գեղամյանը:

Անշարժ գույքի շուկայի անշարժությունը

Պաշտոնական տվյալներով, Հայաստանի անշարժ գույքի շուկայում ակտիվությունը 2012-ին 2007-ի համեմատ շուրջ 20% անկում է ապրել, ինչը նշանակում է, որ ոլորտում գործող 150-ից ավելի ընկերությունների համար վերջին տարիները ճգնաժամային էին: Իրավիճակն էլ ավելի է բարդացնում սեզոնայնությունը եւ իրար հաջորդող ընտրությունները. այդ ժամանակաշրջանում անշարժ գույքի շուկան սովորաբար սպասողական դիրք է զբաղեցում:

Եթե խնդիրը շուտափույթ չկարգավորվի, հունվարի վերջին ընկերությունները պարտավոր են արտոնագրային վճարները մուծել միանգամից եւ հունվարի, եւ փետրվարի համար, իսկ փետրվարի վերջին` արդեն մարտի համար: «Ստացվում է, նախօրոք պետք է վճարենք այն եկամտից, որը դեռ չենք ստացել, ու չգիտենք` ստանալու ենք, թե ոչ»,- ասում է Հրաչյա Բուդաղյանը, հավելելով, որ ռիելթորական ինստիտուտի քայքայումը կհանգեցնի նաեւ Հայաստանի անշարժ գույքի շուկայում ներդրումների նվազմանը, քանի որ սփյուռքահայ եւ այլ արտասահմանյան ներդրողների համար ռիելթորական ընկերությունները միակ պատուհանն էին դեպի մեր շուկա:

Օրենսդրական փոփոխությունից դժգոհությունների առնչությամբ մեկնաբանություններ ստանալու նպատակով Մեդիամաքսը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն:

Ռուբեն Հարությունյան

Դիտում՝ 3661
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW