Երեւան: Մեդիամաքս: Այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանում մեկնարկել է «Հանքարդյունաբերություն եւ սոցիալ-տնտեսական զարգացում. Հայաստանի ընտրուղիները» միջազգային համաժողովը:Համաժողովի հիմնական զեկուցող, Ավստրալիայի Քվինսլենդ համալսարանի հանքարդյունաբերության ոլորտում սոցիալական պատասխանատվության կենտրոնի տնօրեն Սալիմ Ալին ներկայացրել է հանքարդյունաբերության, որպես սոցիալ-տնտեսական զարգացման խթան լինելու միջազգային փորձը, անդրադառնալով այն մարտահրավերներին, որոնք կարող է բախվել Հայաստանը՝ զարգացնելով տվյալ ոլորտը:«Կարծում եմ, Հայաստանի համար նպատակահարմար է ստեղծել պետական հիմնադրամ, որտեղ կուղղվի հանքարդյունաբերությունից ստացվող եկամուտների մի մասը՝ ապագա սերունդների համար, ինչպես անում է Նորվեգիան», - ասել է Սալիմ Ալին:Ըստ նրա, հանքարդյունաբերությունից ստացվող եկամուտների գրագետ բաշխումը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման կանխորոշիչ գործոններից է: «Օրինակ, Մալայզիայում եւ Թայլանդում հանքարդյունաբերությունը մեծապես նպաստում է այդ երկրների տնտեսությունների զարգացմանը, սակայն Թայլանդում հասարակությանը սոցիալապես խիստ բեւեռացված է, մեծ է աղքատությունը, ինչը ազգային հարստության սխալ բաշխման հետեւանք է», - ասել է Սալիմ Ալին:Իր ելույթում նա բերել է նաեւ հանքարդյունահանող ընկերությունների եւ հասարակության համագործակցության լավագույն միջազգային օրինակները:Համաժողովին մասնակցող Ամուլսարում ոսկու արդյունահանմամբ զբաղվող Գեոթիմ ընկերության բնապահպանության հարցերով տնօրեն Արմեն Ստեփանյանը, Մեդիամաքսի խնդրանքով մեկնաբանելով ընկերության գործունեությունում սոցիալական պատասխանատվության բաղադրիչը, ասել է, որ ընկերությունն ակտիվորեն համագործակցում է հասարակության հետ: «Համայնքները ներգրավված են նախագծի ողջ ընթացքի մեջ: Մեզ մոտ գործում են համայնքների հետ հարաբերությունների կոմիտեներ, առնվազն ամիսը մեկ անգամ մենք հավաքվում ենք եւ ներկայացնում բոլոր զարգացումները մեր նախագծերի շուրջ: Լսում ենք բոլոր հարցադրումները, ու եթե տվյալ պահին պատասխան չենք ունենում, պատրաստում ենք այն հաջորդ հանդիպման համար», - ասել է Արմեն Ստեփանյանը: Համաժողովը մինչեւ 17:30 առցանց կհեռարձակվի www.aua.am/mining էջում: Tweet Դիտում՝ 2458