Ո՞վ է ներկրելու շուրջ 8 000 նոր տեսակի ՀԴՄ-ները

05.11.2012 | 03:35 Գլխավոր էջ / Նորություններ /

2013 թ.-ի հունվարի 1-ից ամսական կտրվածքով ավելացված արժեքի հարկ վճարողները(ԱԱՀ) պետք է օգտագործեն նոր տեսակի` համացանցին համակցված հաշվիչ դրամարկղային մեքենաներ (ՀԴՄ), որոնց միջոցով հնարավոր կլինի օրվա ընթացքում կատարած դրամային հաշվարկների վերաբերյալ տեղեկությունն ուղարկել հարկային մարմնին:

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով սահմանված ժամանակացույցին համապատասխան,  2013 թվականի հունվարի 1-ից ամսական ԱԱՀ վճարողների համար պարտադիր է ցանցային կապի միջոցներով հսկիչ դրամարկղային մեքենաների կողմից օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ուղարկումը հարկային մարմին: 2013թ. հունվարի 1-ից ամսական ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից կիրառվող ՀԴՄ-ն, ՀԴՄ-ներին ներկայացվող տեխնիկական պահանջներից բացի, պետք է լրացուցիչ ունենա չջնջվող հիշող սարք, օպերատիվ հիշողություն, լրացուցիչ հիշողության քարտ տեղադրելու հնարավորություն, SIM քարտի միջոցով 3G եւ GPRS կապուղիներով, Ethernet պորտի միջոցով մալուխային կապուղիներով համացանցի միջոցով վերադաս հարկային մարմնի տեղեկատվական համակարգին միանալու, կոդավորման հնարավորություն»,- Մեդիամաքս-ին հայտնել են ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժից:

Նախնական գնահատականով,  խոսքը գնում է շուրջ 1200 սուբյեկտների եւ շուրջ 8000 ՀԴՄ-ների մասին:

Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման հիմնական նպատակը, ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, ֆիսկալային տվյալների անվտանգությունն է եւ իրական իրացման շրջանառությունների հայտարարագրումը:

Համացանցին համակցված ՀԴՄ-ների տեխնիկական պահանջների առավելությունների թվում են GPRS եւ  3G կապուղիներով ու Ethernet պորտի միջոցով մալուխային կապուղիներով համացանցի միջոցով վերադաս հարկային մարմնի տեղեկատվական համակարգին միանալու հնարավորությունը, կատարվող գործարքներին զուգահեռ դրանց վերաբերյալ տեղեկատվության փոխանցում հարկային մարմնին:

Պատասխանելով նոր ՀԴՄ-ները ներկրող կազմակերպության մասին Մեդիամաքս-ի հարցին, ՊԵԿ-ից հայտնեցին, որ գերատեսչության կողմից այս գործընթացում պետության  մասնակցությունն ու հսկողությունն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող պետական ոչ առեւտրային կազմակերպություն, որը կիրականացնի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներմուծումն ու տրամադրումը սուբյեկտներին: Կազմակերպությանը անունը եւ ՀԴՄ-ների ներմուծման ժամկետները պարզ կլինեն ավելի ուշ, նշեցին ՊԵԿ-ում:

Վերջին շրջանում հրապարակումներ եղան այն մասին, որ նոր տեսակի ՀԴՄ-ների ներկրմամբ զբաղվելու է «Ալեքսերվ» ՍՊԸ-ն: Այդ հրապարակումների համաձայն, վերոհիշյալ ընկերությունը կապ ունի ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ:

Նշենք, որ «Ալեքսերվ» ընկերության եւ ՊԵԿ ղեկավարության մասին հրապարակումներ եղան նաեւ 2009թ. հունվարին: Այդ ժամանակ մեկնաբանելով դրանք, ՊԵԿ նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանն ասել էր.

«Կոմիտեի ղեկավարությունը որեւէ կապ չունի այդ կազմակերպության հետ: Ավելին, կարող եմ նաեւ կռահել, թե որտեղից են գալիս շրջանառվող այդ լուրերը, որոնք հրապարակվում են նաեւ մամուլում: Մենք սովորաբար արձագանքում ենք մամուլի խելամիտ դիտողություններին եւ առաջարկություններին, սակայն լինում են նաեւ հրապարակումներ, որոնք արտահայտում են այն տնտեսվարող սուբյեկտների շահերը, ովքեր ցավոտ են տանում հաշվառման խնդիրը, քանի որ դա նշանակում է դուրս գալ ստվերից եւ մի քանի անգամ ավել հարկ վճարել»:
 
Անդրադառնալով նաեւ լուրերին այն մասին, թե «Ալեքսերվ» ընկերությունն անվարձահատույց տնօրինում է ՊԵԿ-ին պատկանող տարածքները, իսկ կոմիտեն վճարում է այդ ընկերության փոխարեն, Արտաշես Բեյբությանը վստահեցրել էր, որ «Պետական եկամուտների կոմիտեն որեւէ տարածք ոչ մեկին չի հատկացրել»:

Սիրանուշ Եղիազարյան

Դիտում՝ 4315
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW