Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում գործում է մոտ 5500 չիր արտադրող, որոնց կարելի է բաժանել 3 խմբի` 5400 խոշոր արտադրող (տարեկան 5 տոննայից ավել), 100 միջին արտադրող (տարեկան 1-5 տոննա) եւ 21 փոքր արտադրող (մինչեւ 1 տոննա):Այս մասին Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը՝ ներկայացնելով Օքսֆամ բրիտանական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ իրականացված հետազոտության արդյունքները: Սամվել Գեւորգյանի փոխանցմամբ, հետազոտության արդյունքները օրերս ներկայացվել էին BSC-ի եւ Օքսֆամ-ի կողմից կազմակերպված «Չորացված պտուղ-բանջարեղենի արժեշղթայի վերլուծությունը» թեմայով կոնֆերանսի ընթացքում: Ըստ հետազոտության տվյալների, 2011 թ-ին Հայաստան է ներմուծվել 1078 տոննա չիր/չամիչ: Մինչդեռ, ի տարբերություն ներմուծման խոշոր քանակի, արտահանման ծավալները բավական ցածր են եղել, մասնավորապես, անցած տարվա ընթացքում ընդամենը 42 տոննա չիր է արտահանվել, հիմնականում` Իրան, Ուկրաինա, Ռուսաստան եւ փոքր քանակությամբ` Շվեյցարիա եւ Ֆրանսիա: Հետազոտությունը նաեւ նպատակ ուներ համեմատել չրի տարեկան սպառումը Հայաստանում եւ որոշ այլ երկրներում: Այսպես, Հայաստանում չրի տարեկան միջին սպառումը մեկ անձի համար մոտ 0.8 կգ է, մինչդեռ Իտալիայում այդ ցուցանիշը 25 կգ է, Չեխիայում` 16 կգ, իսկ Շվեդիայում`12 կգ:«Հայաստանում չորացված պտուղ-բանջարեղենի գործող արժեշղթան կարելի է համարել իրողություն, սակայն այն գործում է տարերայնորեն, չի կառավարվում եւ պայմանագրորեն չի կանոնակարգվում: Արժեշղթան հիմնականում ուղղված է տեղական շուկային, իսկ արտահանման դեպքում առկա են մեծ թվով խնդիրներ, մինչդեռ տեղական շուկան մոտ 50%-ով ապահովվում է տեղական արտադրանքով եւ 50%-ով` ներմուծմամբ»,- նշել է Սամվել Գեւորգյանը:Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, վերջին տարիներին չրի արտադրությունը եւ հատկապես վաճառքը Հայաստանում նոր որակական հարթություն է տեղափոխվել: Արտադրության նոր տեխնոլոգիաներ, նոր ապրանքանիշներ, փաթեթավորման նոր մոտեցումներ եւ այլ գործոններ չրի արտադրությունը տնայնագործությունից դարձրել են բիզնես: Արեւային չորանոցներին գալիս են լրացնելու էլեկտրական եւ գազային չորանոցները, գյուղատնտեսական շուկաներին, որպես վաճառքի հիմնական կետ, գալիս են փոխարինելու սուպերմարկետները, իսկ միայն տեղական շուկայի վրա կենտրոնացումը լրացվում է նաեւ արտահանմամբ: Կոնֆերանսից հետո կայացած բաց քննարկման արդյունքում մասնակիցների միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն մշակելու համագործակցության հետագա քայլեր տեղական չրի արտադրության ոլորտը խթանելու եւ զարգացնելու նպատակով: Կոնֆերանսին հրավիրված էին տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ` UMCOR-Հայաստան, ՄԱԿ-ի զարգացման ծրագիր (UNDP), Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն, ինչպես նաեւ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, գյուղատնտեսական կոոպերատիվների նախագահներ եւ չրի արտադրության ոլորտում ներգրավված ձեռնարկություններ: Tweet Դիտում՝ 4469