Երեւան/Մեդիամաքս/. Տնտեսական մրցակցության պաշպանության պետական հանձնաժողովն այսօր խիստ նախազգուշացումներ է տվել Հարավկովկասյան երկաթուղուն եւ Հայփոստ-ին դրանց աշխատանքում հայտնաբերված խախտումների համար: Մի շարք սպառողներ դիմել են հանձնաժողով՝ դժգոհելով Հարավկովկասյան երկաթուղու տոմսերի վաճառքի եւ վերադարձի համակարգից: Ըստ բողոքների, եթե անհրաժեշտ է լինում տոմսը վերադարձնել, ապա ընկերությունը էլեկտրոնային տոմսերի դեպքում դրանք ընդհանրապես հետ չի ընդունում, իսկ թղթայինի դեպքում՝ գանձում տուգանք դրանց արժեքի 15%-ի չափով: Սպառողները բողոքել են, որ ընկերությունում անհնար է միաժամանակ ձեռք բերել մեկնման եւ վերադարձի տոմսեր, ինչն անհարմարություններ է պատճառում, ինչպես նաեւ սահմանափակվում է սպառողների ընտրությունը վագոններում ազատ տեղերի միջեւ: Սպառողները բողոքել են նաեւ, որ էլեկտրոնային տոմսերը 2000 դրամով թանկ են թղթայիններից: Հարուցված վարույթի ընթացքում ընկերությունը լուծել է վերոհիշյալ խնդիրների հիմնական մասը եւ գրավոր պարտականություն ստանձնել շտկել մնացած հարցերը: Հայփոստի վերաբերյալ մի շարք տնտեսվարողների եւ քաղաքացիների բողոքները կապված էին նամակների ուշացումներով տեղ հասցնելու եւ դրանք հաճախ սխալ հասցեատերերին ուղարկելու հետ: Հանձնաժողովը հանձնարարել է ընկերությանը վերացնել խախտումները, ինչպես նաեւ ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով մշակել է համապատասխան օրենսդրական առաջարկներ՝ ուղարկելով դրանք տրանսպորտի եւ կապի նախարարություն: Tweet Դիտում՝ 2771