Երեւան/Մեդիամաքս/. Արբիտրաժային դատարանները փորձում են լրացնել ՀՀ-ում տնտեսական դատարանի բացակայությունը: Այս եզրահանգմանն են եկել այսօր Տնտեսական լրագրողների ակումբի կողմից կազմակերպված քննարկման մասնակիցները: ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատին կից գործող «Արբիտրաժային դատարան»-ի գլխավոր քարտուղար Արմեն Ոսկանյանը նշել է, որ արբիտրաժը լուծում է յուրաքանչյուր առեւտրային վեճ, իսկ գործի քննման ընթացակարգում կարեւորվում է արագությունը, գաղտնիությունը, լեզվի ընտրությունն ու արդարության սկզբունքը. «Վեճի լուծման համար նախատեսված է առավելագույնը 4 ամիս ժամկետ: Նիստը կայանում է գաղտնի` առանց երրորդ անձի ներկայության, հայերեն լեզվից բացի, կողմերի ցանկությամբ, գործը կարող է լսվել նաեւ օտար լեզուներով»:Հայաստանի բանկերի միության կողմից հիմնված «Ֆինանսական արբիտրաժ»-ի նախագահ Նաիրա Մարգարյանի փոխանցմամբ, այստեղ վեճի լուծման համար նախատեսվում է առավելագույնը մեկ ամիս ժամկետ: «Արբիտրաժները փորձում են լրացնել տնտեսական դատարանի բացակայությունը: Անգամ տնտեսական դատարանի առկայության դեպքում արբիտրաժի անհրաժեշտություն կա»,- ասել է նա:Վերջինիս կարծիքով, «Ֆինանսական արբիտրաժ»-ը կայացած կառույց է. «2010-ից մինչ օրս այստեղ քննվել է շուրջ 350 ֆինանսական վեճ: Մենք գրեթե չենք կրկնում Առեւտրաարդյունաբերական պալատի գործառույթները` ոլորտները տարբեր են, բանկերի կողմից կնքվող պայմանագրերով նախատեսվում է, որ կողմերի միջեւ առաջացած հարաբերությունները լուծվելու են «Ֆինանսական արբիտրաժ»-ի միջոցով»: Իր հերթին, Արմեն Ոսկանյանը նշել է, որ Հայաստանում արբիտրաժային դատարանները դեռ կայացման ճանապարհին են, որտեղ կարեւորվում է գործարար միջավայրի տեղեկացված լինելը: Նրա փոխանցմամբ, 2007-ից մինչ օրս իրենք քննել են 35 առեւտրային վեճ:Արբիտրաժը ոչ պետական մարմին է, որի կայացրած վճիռը ենթակա չէ բողոքարկման: Հայաստանը հանդիսանում է Նյու Յորքի միջազգային կոնվենցիայի անդամ, ըստ որի, Հայաստանում արբիտրաժային դատարանի կայացրած որոշումները ճանաչվում են կոնվենցիայի անդամ 141 երկրներում: Tweet Դիտում՝ 2732