Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) հակասահմանադրական է համարում Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից հարկատուների գույքի վրա արգելանք դնելու լիազորությունը, հայտնել են ՄԻՊ գրասենյակում:Այսօր Հայաստանում Պետական եկամուտների կոմիտեն գործարարների, անհատ ձեռներեցների եւ այլ հարկատուների կողմից չկատարված հարկերի չափը 500 հազար կամ ավելի դրամ կազմելու դեպքում օրենքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակել: «Այսինքն, եթե հարկատուի կողմից չվճարված հարկերի գումարը գերազանցում է 500 հազար դրամը, ապա նրա դրամական միջոցների կամ սեփականության վրա դրվում է կալանք պետեկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից», - պարզաբանել են ՄԻՊ գրասենյակում:Պաշտպանի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2 հոդվածի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածին։ Օրենքի 30.2 հոդվածը նախատեսում է, որ գույքի արգելանքը հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հարկ վճարողի գույքային իրավունքների սահմանափակման միջոցով հարկային մարմնի կողմից իրականացվող գործողություն է: Այսինքն՝ հոդվածը նախատեսում է անձի սեփականության իրավունքի սահմանափակում` հարկային մարմնի կողմից անձի գույքի վրա արգելանք դնելու միջոցով: Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն, ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերում: Այսինքն` Սահմանադրության համապատասխան դրույթը նախատեսում է, որ անձին հնարավոր է զրկել սեփականությունից միայն դատական կարգով, այն էլ օրենքով նախատեսված դեպքերում:««Սեփականությունից զրկել» դրույթը իր մեջ ներառում է նաեւ անձի սեփականության իրավունքի ոչ միայն դադարում, այլեւ այնպիսի սահմանափակում, որի արդյունքում սեփականատերը զրկվում է իրեն պատկանող օբյեկտն իր հայեցողությամբ տիրապետելու, ըստ նշանակության օգտագործելու եւ այն տնօրինելու հնարավորությունից: Այսինքն, առհասարակ անձի սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն դատական կարգով», - հայտնել են ՄԻՊ գրասենյակում:Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ օրենքի վերոնշյալ դրույթի սահմանադրականությունը վիճարկելու նպատակով։ Tweet Դիտում՝ 1784