Երեւան/Մեդիամաքս/. Երեւանում վերաբացվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Սեբաստիա 14/55 հասցեում գտնվող «Շահումյան» մասնաճյուղը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ելույթ ունենալով մասնաճյուղի բացման արարողությանը, բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Գուսեւն ասել է, որ բանկի մասնաճյուղերի եւ սպասարկման կետերի բարեկարգմամբ բանկը ձգտում է սպասարկման համար առավելագույնս հարմարավետ պայմաններ ստեղծել: «Մեզ համար ամենակարեւորն այն է, որ հաճախորդը բանկ այցելելուց եւ անձնակազմի հետ շփվելուց հաճույք ստանա, խնայի ժամանակը եւ բավարարված լինի սպասարկումից»,- ասել է Յուրի Գուսեւը: Բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը, ներկայացնելով հյուրերին մասնաճյուղը, ասել է, որ սրահի ինտերյերը համապատասխանեցվել է ՎՏԲ Խմբի կորպորատիվ ոճին եւ ենթարկվել է տեխնիկական վերազինման՝ հաճախորդների սպասարկումը դյուրացնելու համար: Նա նաեւ նշել է, որ մասնաճյուղում ներդրվել է հերթերի կառավարման համակարգ, ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ` ըստ ծառայության եւ պրոդուկտի եւ, ինչպես բանկի ռեֆորմատի ենթարկված այլ մասնաճյուղերում, այստեղ ներդրվել է 24-ժամյա ծառայություն ամենատարածված բանկային գործարքների մասով: Մասնաճյուղի վերաբացմանը մասնակցած՝ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը ողջունել է բանկի հերթական գրասենյակի ռեֆորմատը եւ նշել, որ ՎՏԲ-Հայաստանը երկրի տնտեսության կարեւորագույն ճյուղերի խոշոր ֆինանսավորողներից մեկն է, եւ նման քաղաքականությունն էապես կհեշտացնի աշխատանքը հաճախորդների հետ: Բանկի մասնաճյուղի վերաբացմանը ներկա է եղել նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը, որը եւս շնորհավորել է բանկին եւ համայնքի բնակիչներին նոր ձեռքբերման կապակցությամբ:Մինչեւ տարեվերջ բանկը նախատեսում է իր երեւանյան եւ մարզային եւս մի շարք մասնաճյուղերի նմանատիպ ռեֆորմատ: Tweet Դիտում՝ 7007