Մեկնարկում է «Հյուսիս-Հարավ» մայրուղու Երեւան-Արարատ հատվածի շինարարությունը

12.09.2012 | 14:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Երեկվանից ժամանակավորապես փակվել է Արարատ քաղաք տանող ավտոճանապարհի կմ 9+312 – կմ 15+800 շուրջ 6.5 կմ երկարությամբ հատվածի աջակողմյան երթեւեկամասը՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման մեկնարկի հետ կապված:

Երթեւեկության աջակողմյան հատվածը (6.5 կմ) նախատեսվում է բացել ս.թ. դեկտեմբերին։ Երեւան – Արարատ հատվածի ողջ շինարարության ավարտը նախատեսվում է 2013թ. վերջին, հայտնել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից:

Հյուսիս-Հարավ ծրագրի Երեւան-Աշտարակ, Աշտարակ-Թալին եւ Երեւան-Արարատ ճանապարհահատվածների վերակառուցման համար 2012թ. ապրիլին կայացած բաց միջազգային մրցույթի արդյունքում հաղթեց Իզոլուքս Կորսան /Իսպանիա/ ընկերությունը՝ 250 մլն ԱՄՆ դոլար պայմանագրային արժեքով։

Աշխատանքների ընթացքը նախատեսված է 18 ամիս` Երեւան – Արարատ, 18 ամիս` Երեւան – Աշտարակ եւ 36 ամիս՝ Աշտարակ – Թալին հատվածների համար։

Շինարարական աշխատանքների վերահսկման եւ ծրագրի կառավարման խորհրդատուի ընտրության բաց մրցույթի արդյունքում շահել է Սաֆեժ /Ֆրանսիա/ եւ  Էպտիսա /Իսպանիա/ կազմակերպությունների համատեղ ձեռնարկությունը՝ $6 098 700 դոլար  պայմանագրային արժեքով։

«Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման նպատակն է Հայաստանի եւ Իրանի սահմանային հատման կետից մինչեւ Հայաստանի եւ Վրաստանի սահմանային հատման կետը 556 կմ բարձրակարգ` միջազգային չափանիշներին համապատասխան,  բետոնյա ծածկույթով ավտոմոբիլային ճանապարհի կառուցում:

Ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման Բանկի (ԱԶԲ) միջեւ 15.09.2009 թ. կնքվել է Շրջանակային ֆինանսավորման համաձայնագիր, որով նախատեսվում է $962 մլն ֆինանսավորում, որից Ասիական Զարգացման Բանկի մասը կազմում է $500  մլն:

Նախագծով նախատեսվում է ապահովել 100 կմ/ժամ արագությամբ եւ 4 երթեւեկելի գոտիներով արագընթաց մայրուղի: Յուրաքանչյուր երթեւեկելի մասը ունենալու է 2 երթեւեկելի շերտ` յուրաքանչյուրը 3.6 մ լայնությամբ, ինչպես նաեւ 3.8 մ կենտրոնական բաժանիչ գոտի կահավորված չընդհատվող մետաղական արգելափակոցներով` ճանապարհից օգտվողների անվտանգությունն ապահովելու համար:

Գյուղատնտեսական ստորգետնյա անցումները կապահովեն գյուղատնտեսական մեխանիզմների, ինչպես նաեւ ընտանի կենդանիների անվտանգ անցումը:


Դիտում՝ 6999
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW