Հայաստանը մրցունակությամբ 82-րդն է 144 երկրների մեջ. անցյալ տարվա համեմատ գրանցվել է 10 կետով աճ
05.09.2012 | 12:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան/Մեդիամաքս/. Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից հրապարակած 2012-2013թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցում (ՄՀԶ) Հայաստանը 144 երկրների մեջ գրավում է 82-րդ տեղը` դիրքը բարելավելով 10 տեղով:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ներկայացնելով այսօր զեկույցը, ՀՏՖ Համաշխարհային մրցունակության եւ արտադրողականության կենտրոնի հայաստանյան գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի խորհրդի անդամ Սեւակ Հովհաննիսյանն ասել է, որ նախորդ տարվա համեմատ Հայաստանն էական առաջընթաց է գրանցել մակրոտնտեսական միջավայրի կայունության եւ ապրանքային շուկաների արդյունավետության հենասյուներով:
Հայաստանի ցուցանիշերը բարելավվել են նաեւ հաստատությունների, բարձրագույն կրթության եւ վերապատրաստման, աշխատուժի եւ ֆինանսական շուկայի ոլորտներում:
Ըստ զեկույցի, Հայաստանը փոքր հետընթաց է գրանցել ենթակառուցվածքների եւ տեխնոլոգիական պատրաստվածության առումով:
«Հայասատանի հիմնական մրցակցային առավելություններն են աշխատանքի ընդունելու եւ աշխատանքից ազատելու գործելակերպը (10-րդ տեղ), նոր բիզնես սկսելու համար անհրաժեշտ գործընթացների պարզությունը (8-րդ տեղ), ինչպես նաեւ մալարիայի, հանցագործությունների եւ ահաբեկչության՝ բիզնեսի վրա ազդեցության ցածր մակարդակը (համապատասխանաբար՝ 1-ին եւ 8-րդ տեղ), պետական քաղաքականության մշակման գործընթացի թափանցիկությունը (16-րդ տեղ), բիզնեսի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված պետական ծառայությունները (31-րդ տեղ), ինչպես նաեւ վարձատրության եւ
արտադրողականության կապի ցուցանիշները (31-րդ տեղ)»,- ասել է Սեւակ Հովհաննիսյանը:
Ըստ զեկույցի, Հայաստանի ամենաէական թերությունների շարքին են դասվել մրցակցային այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են մրցակցության դաշտի հետ կապված խնդիրները (տեղական մրցակցության ուժգնությունը՝ 130-րդ տեղ, հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետութունը՝ 116-րդ տեղ), բիզնես կրթության որակը (127-րդ տեղ), մաքսային գործընթացների բեռը (127-րդ տեղ), շուկայի չափը, ինչպես նաեւ բուհ-արդյունաբերություն կապն ու գիտահետազոտական հաստատությունների որակը:
Վարկանիշերի հաշվարկման հիմքում ընկած են վիճակագրական տվյալները եւ ընկերությունների ղեկավարների հարցման արդյունքները:
2012/13 զեկույցի արդյունքներով Շվեյցարիան շարունակում է պահպանել առաջատարի դիրքը: Մրցունակությամբ առաջին հնգյակում են նաեւ Սինգապուրը, Ֆինլանդիան, Շվեդիան եւ Նիդերլանդները:
Ադրբեջանը եւ Վրաստանը վերջին զեկույցում բարելավել են իրենց դիրքերը համապատասխսանաբար 9 եւ 11 կետով՝ զբաղեցնելով ցանկում, համապատասխանաբար, 46-րդ եւ 77-րդ տեղերը: Ռուսաստանը նահանջել է 1 կետով՝ զբաղեցնելով 67-րդ հորիզոնականը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: