Երեւան/Մեդիամաքս/. 2012թ. առաջին կիսամյակի ավարտին Նաիրի Ինշուրանս ապահովագրական ընկերությունը սոցփաթեթի շրջանակներում առողջությունն ապահովագրած պետծառայողներին արդեն փոխհատուցել է հավաքագրված գումարի շուրջ 40%-ը:Այդ մասին այսօր ասել է ընկերության անձնական պահանջների կարգավորման վարչության ղեկավար Արմեն Շահինյանը, հավելելով, որ մինչեւ տարեվերջ ակնկալվում է ողջ հավաքագրված ապահովագրավճարների վերադարձը փոխհատուցումների տեսքով:Մասնագետի համոզմամբ, այս գործիքը շահութաբեր կլինի ոլորտի համար ոչ շուտ, քան 3 տարուց: Հիշեցնենք, որ այս տարվանից Հայաստանում ներդրվել է հանրային հատվածի աշխատակիցների համար սոցիալական փաթեթ, որով յուրաքանչյուր պետծառայողի համար տարեկան պետբյուջեյից հատկացվում է 132 հազ. դրամ: Դա հնարավորություն է ընձեռում հանրային հատվածի շուրջ 120 հազ. աշխատակիցներին եւ նրանց ընտանիքի անդամներին (ամուսնուն եւ մինչեւ 27 տարեկան չամուսնացած զավակներին) հավասարաչափ օգտվել հետեւյալ սոցիալական ծառայություններից.- բժշկական ապահովագրություն (աշխատակիցների համար՝ պարտադիր);- հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում;- կրթության եւ գիտության նախարարության կողմից հաստատված ուսումնական ծրագրերով ուսման վճար;- հանգստի կազմակերպում ՀՀ եւ ԼՂՀ տարածքում: Առնվազն 52 հազ. դրամով ապահովագրական պոլիսը ձեռք բերելուց հետո քաղաքացին ինքն է որոշում, թե ինչպես տնօրինել մնացած 80 հազ. դրամը՝ ապահովագրել ընտանիքի մնացած անդամների առողջությունը, թե օգտվել փաթեթի մյուս ծառայություններից: Սոցիալական փաթեթի ներդրմանը պետբյուջեից ուղղվել է 18 մլրդ դրամ: Tweet Դիտում՝ 29035