Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի տնտեսության ապագան, անկասկած, կայանում է արտաքին շուկաների հետ լիարժեք ինտեգրման մեջ: Մենք հաճախ ենք լսում երկրի ղեկավարներից այն մասին, որ արտահանմանն ուղղված տնտեսության կառուցումը Հայաստանի համար չունի այլընտրանք, իսկ արտահանումը ենթադրում է ոչ միայն ապրանքներ, այլ նաեւ ծառայություններ: Դա նշանակում է, որ հայկական մասնագետները պետք է պատրաստված լինեն արտերկրում եւ արտերկրի հաճախորդների հետ աշխատելու համար, ինչն իր հերթին ենթադրում է օտար լեզուների պատշաճ իմացություն: Հայաստանյան գործարարը, որն ազատ շփվում եւ աշխատում է օտար լեզվով (բացառությամբ, թերեւս, ռուսերենի), այսօր հազվադեպ երեւույթ է: Հաճախ չես հանդիպի նաեւ հայկական իրավաբանի, որը կարող է պաշտպանել իր հաճախորդներին օտարերկրյա դատարանում, լրագրողի, որը կարող է աշխատել օտար լեզուներով: Հայաստանում բուռն զարգացում ապրող ՏՏ-ոլորտի ֆոնին լուրջ խնդիր է հայ ծրագրավորողների եւ ինժեներների կողմից օտար լեզվի իմացության ցածր մակարդակը( ինչը խանգարում է նրանց աշխատել արտերկրի հաճախորդների հետ:Ըստ եվրոպացի փորձագետների, Հունաստանում, Իսպանիայում, Պորտուգալիայում եւ մի շարք այլ երկրներում գործազրկությունը սրող հանգամանքներից է այդ երկրների աշխատուժի ոչ բավարար մոբիլությունը, քանի որ մարդիկ, մայրենիից բացի այլ լեզուներ չիմանալով, չեն կարողանում աշխատանք գտնել ԵՄ այլ երկրներում: Այս հարցն արդիական է նաեւ Հայաստանի համար, որտեղ արտերկրում աշխատել ցանկացող բազմաթիվ մասնագետներ լեզվական պատնեշի են բախվում:Այս մի շարք կից խնդիրների լուծմամբ որոշել է զբաղվել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը, որը ստացել է մասնագիտական հաղորդակցության բնագավառում թարգմանիչների պատրաստման Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության լիցենզիա: Ծրագիրը թույլ է տալիս ստանալ ՀՌՀ պետական դիպլոմ՝ պրոֆեսիոնալ հաղորդակցման ոլորտում անգլերենի, ֆրանսերենի, իսպաներենի եւ գերմաներենի թարգմանիչի լրացուցիչ որակավորմամբ: Լրացուցիչ լեզվական կրթությունից բացի համալսարանն առաջարկում է նաեւ լեզվի կուրսեր:ՀՌՀ Լեզվի ուսուցման կենտրոնի ղեկավար Գոռ Հովհաննիսյանը Մեդիամաքս-ի եւ Banks.am-ի հետ հարցազրույցում պատմել է, որ ծրագիրը կօգնի ձեռքբերել թարգմանչական անհրաժեշտ տեսական եւ գործնական, ինչպես նաեւ բանավոր խոսքի հմտություններ, որոնք կօգնեն ուսանողին մասնագիտական գործունեության մեջ:«Կենտրոնի բացման արդիականությունը կայանում է գործազրկության խնդրի չլուծված լինելու մեջ: Կյանքը ստիպում է անհատներին լինել սոցիալապես մոբիլ բոլոր, այդ թվում՝ կրթության ոլորտում: Այսօր աշխատաշուկայում առավել հաջողության է հասնում նա, ով ունի մեկից ավելի մասնագիտություն: Իսկ մասնագետի՝ պահանջված լինելու համար օտար լեզվի իմացությունն անհրաժեշտություն է», - ասում է Գոռ Հովհաննիսյանը:Ուսուցման հիմնական խնդիրները, ըստ նրա, հանդիսանում են օտար լեզվի գրավոր եւ բանավոր իմացության կատարելագործումը, օտար լեզվից հայերեն եւ ռուսերեն եւ հակառակը թարգմանության ունիվերսալ հմտությունների զարգացումը, թարգմանչական ռազմավարությունների եւ մոդելների ուսումնասիրությունը, հատուկ տերմինաբանության հետ աշխատանքը:«Ուսուցումն ավարտելիս ուսանողը ստանում է լրացուցիչ «Մասնագիտական հաղորդակցության բնագավառի թարգմանիչ» լրացուցիչ որակավորման պետական դիպլոմ, իսկ բարձրագույն կրթություն չունեցող ունկնդիրները դիպլոմ կստանան միայն հիմնական բարձրագույն կրթություն ստանալուց հետո, իսկ մինչ այդ ստանում են մեզնից սերտիֆիկատ», - պարզաբանել է Գոռ Հովհաննիսյանը:Նա նշել է, որ Կենտրոնում դասավանդում են համալսարանի օտար լեզուների, լեզվի տեսության եւ միջմշակութային հաղորդակցման ամբիոնների բարձր որակավորում ունեցող մասնագետներ:Ընդունելությունը տեղի է ունենում թեսթավորման հիման վրա, որն անցկացվելու է սեպտեմբերի 1-ից 20-ը: ՀՌՀ ուսանողների համար կենտրոնում ուսման գինը կկազմի տարեկան 450 հազ. դրամ, իսկ այլ բուհերի ուսանողների եւ շրջանավարտների համար՝ տարեկան 500 հազ. դրամ: Դասընթացները մեկնարկում են հոկտեմբերի 1-ին եւ անցկացվելու են շաբաթական 4-5 անգամ 16:00-ից 18:00-ն:Կիսամյակների վերջում ուսանողները հանձնելու են ստուգարքներ եւ քննություններ, իսկ ավարտվում է ուսումնառությունը թարգմանության տեսության ու պրակտիկայի քննության հանձնմամբ:Գիտակցելով, որ ոչ բոլոր ցանկացողների մոտ է ժամանակ գտնվելու լրացուցիչ կրթություն ստանալու համար, համալսարանը ներդրել է նաեւ հայերենի, անգլերենի, ֆրանսերենի, իսպաներենի, գերմաներենի, թուրքերենի, պարսկերենի եւ անգամ ճապոներենի եւ չինարենի մասնագիտացված լեզվի կուրսեր: Հատկանշական է, որ վերջին երկու լեզուները դասավանդողները այդ լեզուների կրիչներ են՝ ազգությամբ ճապոնացի եւ չինացի:«Առաջին անգամ Հայաստանի կրթական ծառայությունների ոլորտում մենք առաջարկում ենք օտար լեզուների արդյունավետ ուսուցում՝ համալսարանական կրթական մեթոդներով: Հենց դրանով ենք մենք տարբերվում շուկայում առկա լեզվական ուսուցման այլ առաջարկներից», - ասել է Գոռ Հովհաննիսյանը, կոչ անելով բոլոր հետաքրքրվածներին ծանոթանալ առաջարկի մանրամասներին համալսարանի վեբկայքում եւ կենտրոնի ֆեյսբուքյան էջում: Tweet Դիտում՝ 6577