«ԽՀԱԱՀ բանակցային գործընթացը ուժեղ ներքին դիմադրության չի հանդիպի»

18.06.2012 | 12:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Այսօր Բրյուսելում կմեկնարկեն Հայաստան-ԵՄ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի (ԽՀԱԱՀ) շուրջ բանակցությունների առաջին փուլը:

Հայաստանի եւ ԵՄ միջեւ ԽՀԱԱՀ ստորագրման համար փոփոխությունների են ենթարկվելու արտաքին առեւտրին ուղղակի եւ անուղղակի առնչվող բոլոր ոլորտները` սկսած պետական գնումներից մինչեւ մաքսային վարչարարություն, Մեդիամաքս-ին ասել է ԽՀԱԱՀ շուրջ Հայաստանի կողմից հիմնական բանակցող, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:

«Բարեփոխումերի փաթեթը ենթադրում է Հայաստանի տնտեսության կարգավորման մոդելը հասցնել եվրոպական չափանիշներին՝ նորմատիվային, իրավական եւ կիրարկման տեսանկյունից», - ասել է փոխնախարարը:

Ըստ նրա, բանակցությունների ողջ ընթացքում կարեւորագույն հարցերն են լինելու գյուղատնտեսության եւ սննդի անվտանգության ոլորտում նորմատիվային դաշտի համապատասխանեցումը ԵՄ չափանիշներին, ինչպես նաեւ հարկային եւ մաքսային ոլորտները, որտեղ մանրամասն քննարկման առարկա են դառնալու վարչարարության ամենափոքր դրվագները: «Եթե օրենսդրության տեսանկյունից մենք ունենք ԵՄ-ի հետ գրեթե նույն մոտեցումները, ապա վարչարարության տեսանկյունից մեծ աշխատանք է սպասվումմ: Մասնավորապես, Եվրամիությունը շատ մեծ ուշադրությամբ է վերաբերվում Հայաստանում մաքսային արժեքի որոշման մեթոդներին, որոնք պետք է ամբողջովին համապատասխանեցվեն եվրոպականներին», - ասել է Գարեգին Մելքոնյանը:

Անդրադառնալով ԽՀԱԱՀ շուրջ բանակցային գործընթացի տեւողությանը, Գարեգին Մելքոնյանն ասել է, որ նախարարության ուսումնասիրությունները եւ այլ երկրների փորձը վկայում են այն մասին, որ այս գործընթացը տեւում է 2-3 տարի: «ԵՄ հետ ազատ առեւտրի համաձայնագիր կնքած վերջին երկիրը եղել է Հարավային Կորեան; ԽՀԱԱՀ-ը համեմատաբար նոր հասկացություն է ԵՄ-ի համար, եւ առաջին երկիրը, որը բանակցել է այս ուղղությամբ, Ուկրաինան է: Բանակցային գործընթացը տեւել է 2 տարուց քիչ ավելի եւ փաստացի ավարտվել է», - ասել է Գարեգին Մելքոնյանը, հավելելով, որ Հայաստանի հետ զուգահեռ ԽՀԱԱՀ ստորագրման շուրջ բանակցում են նաեւ Մոլդովան եւ Վրաստանը:

Փոխնախարարը կարծիք է հայտնել, որ գործընթացը Հայաստանում ուժեղ ներքին դիմադրության չի հանդիպի: «Մի շարք ոլորտներում հնարավոր են որոշակի դժվարություններ` շատ առարկայական փոփոխությունների հետեւանքով, բայց ընդհանուր առմամբ, այս փաթեթը պետք է ընկալվի որպես ամբողջ տնտեսական համակարգը եվրոպական չափանիշներին հասցնելու գործընթաց: Փոփոխությունները կարող են ցավալի թվալ, բայց արդյունքը միանշանակ դրական է լինելու», - ասել է փոխնախարարը:

Դիտում՝ 4646
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW