Երեւան: Մեդիամաքս: «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ այսօր Երեւանում քննարկվել են Ամուլսարի հանքավայրի շահագործման ռիսկերը: Քննարկման սկզբում «Գեոթիմ» ՓԲԸ գլխավոր բնապահպան Արման Ստեփանյանը ներկայացրել է հանքի շահագործման արդյունքում հնարավոր ռիսկերի վերաբերյալ կատարված ուսումնասիրության եզրակացությունները:«Ջերմուկն այս հանքի շահագործմամբ ազդեցություն չի կրի, այն գտնվում է հանքից 13 կմ հեռավորության վրա եւ բնապահպանության նախարարության կողմից ազդվող տարածք չի ճանաչվել»,- ասել է նա: Անդրադառնալով փոշու խնդրին` ընկերության բնապահպանը նշել է, որ դրա 95%-ը կնստի դրա աղբյուրից 100մ շառավղով հեռավորության վրա, իսկ մնացած 5%-ը նույնիսկ ամենաուժեղ քամու դեպքում կհասնի աղբյուրից առավելագույնը 1000մ հեռավորության:Արման Ստեփանյանը խոսել է նաեւ մակերեւութային եւ ստորգետնյա ջրերի մասին. «Ջրահավաք ավազանը տարանջատված է այն ջրահավաքից, որտեղ մեր ընկերությունը գործունեություն կծավալի, իսկ ստորգետնյա ջրերն Ամուլսարից հեռու են»: Բնապահպանն իր խոսքում նշել է, որ կենսաբազմազանությանը եւս վտանգ չի սպառնում, եւ ներկայացրել է աշխատանքի քարտեզագրված տարբերակները:«Գեոթիմ»-ի տնօրեն Հայկ Ալոյանը հավելել է, որ ընկերությունն աշխատում է բոլոր միջազգային չափանիշների համապատասխան:Իր հերթին ջրաբան, փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը նշել է. «Ոչ մի բաց հանք դրական արդյունք չի տվել: Այստեղ ջրային ռեսուրսները վտանգված են քանակական եւ որակական տեսանկյունից»: Իսկ «Կայուն զարգացման հիմնադրամ» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանն այս կապակցությամբ ասել է. «Սկզբունքորեն պետք է վերանայվի փորձագիտական եզրակացությունը: Առ այսօր մենք Հայաստանում ընդերքի օգտագործման դրական փորձ չունենք: Քիչ հավանական է այն, ինչ ներկայացրեց ընկերությունը: Սա ոչ միայն Ջերմուկի, այլեւ Հայաստանի խնդիրն է: Այստեղ վտանգված է նաեւ Սեւանը»:«Էկոլուր» ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զառաֆյանը նշել է, որ մեկ տարուց ավել է` մասնակցում են գործընթացին եւ ոչ մի փաստաթղթում չեն գտել ջրի վրա ազդեցության ռիսկերի մասին տեղեկություն: Քննարկումն ընթացել է հարց ու պատասխանի ձեւաչափով, խոսվել է բաց հասարակական քննարկում անցկացնելու եւ դրա մասին իրազեկելու մասին: Կազմակերպիչները ներկայացրել են հանքի շահագործման վտանգավոր ռիսկերի մասին փորձագետների եզրակացություններ, որոնց հեղինակները ներկա չեն եղել քննարկմանը, իսկ «Գեոթիմ»-ի իրավաբանը նկատել է, որ դրանք փաստաթղթերի օրիգինալ տարբերակները չեն:Քննարկմանը ներկա չի եղել բնապահպանության նախարարության որեւէ ներկայացուցիչ:Քննարկման ավարտին կողմերը որոշել են ամփոփել այն համատեղ արձանագրությամբ, որը կներկայացվի բնապահպանության նախարարություն: Tweet Դիտում՝ 1499