Երեւան: Մեդիամաքս:Նախընտրական քարոզարշավները ամենուրեք լի են տարատեսակ խոստումներով, որոնք ի կատար ածվելու ռեսուրսները հաճախ հիշվում են միայն այն պահին, երբ քաղաքական գործիչների կամ ուժերի առջեւ հարց են դնում, թե ինչու չի իրականացել իրենց նախընտրական ծրագրերի այս կամ այն դրույթը: Այս նյութում Մեդիամաքս-ը փորձել է ներկայացնել ԱԺ ընտրություններին մասնակցող 6 առաջատար քաղաքական ուժերի` 3 կոալիցիոն (Հայաստանի Հանրապետական կուսակցություն, Բարգավաճ Հայաստան կուսակցություն եւ Օրինաց Երկիր կուսակցություն) եւ 3 ընդդիմադիր ուժերի (Հայ Ազգային կոնգրես, Ժառանգություն եւ Դաշնակցություն) նախընտրական ծրագրերում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված դրույթների հիմնական նմանությունները եւ տարբերությունները: Մենաշնորհներ եւ օլիգարխներՀայաստանի գործարար միջավայրի բարելավման, ներքին շուկայում գների նվազեցման, օտարերկրյա ներդրումների խթանման եւ, որպես հետեւանք, ՀՀ տնտեսության միջազգային մրցունակության բարձրացման հիմնական խոչընդոտներից է տնտեսության ամենաշահութաբեր ոլորտներում մենաշնորհները եւ կապիտալի բարձր կենտրոնացվածությունը հանրության լայն շրջանակներին հայտնի օլիգարխների ձեռքում:Ինչպե՞ս են պատրաստվում լուծել այս խնդիրը քաղաքական ուժերը: Եթե իշխող կուսակցություններն այս հարցում սահմանափակվում են հավասար մրցակցային պայմանների ստեղծման վերաբերյալ ընդհանուր բնույթի խոստումներով, ընդդիմադիր ուժերն առաջարկում են ավելի կտրուկ քայլեր: Տնտեսության ապակենտրոնացումը, ըստ նախընտրական ծրագրի, դրված է ՀԱԿ-ի տնտեսական քաղաքականության հիմքում, որն առաջարկում է վերջ տալ մենաշնորհներին եւ օլիգոպոլիաներին` արմատապես փոխելով հակամենաշնորհային օրենսդրությունը եւ պետբյուջե մուտքագրելով մենաշնորհային շահույթի ոչ թե 2, այլ 50-95 տոկոսը։ Ինչպես ՀԱԿ-ը, այնպես էլ ՀՅԴ-ն եւ Ժառանգությունն առաջարկում են լայնորեն կիրառել պրոգրեսիվ հարկային դրույքաչափերը եւ շքեղության հարկը: Դաշնակցությունն ու ՀԱԿ-ն առաջարկում են նաեւ ուժեղացնել հանքարդյունաբերության հարկումը, իսկ ՀԱԿ-ը հատուկ ուշադրություն է դարձնում օֆշորում գրանցված, սակայն Հայաստանի ռեզիդենտներին պատկանող ընկերությունների` ՀՀ հարկային դաշտ բերելու վրա: «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններին գործունեության թույլտվությունների, պետական գույքի սեփականաշնորհման, պատվերների տեղադրման եւ գնումների մասնակցության բացառում, ինչպես նաեւ հանքարդյունաբերությամբ զբաղվելու արգելում։ Արդեն գրանցված եւ գործող օֆշորային ընկերություններին ժամանակ կտրվի պարտադիր կարգով վերագրանցվելու եւ «բաց» կարգավիճակով գործունեությունը շարունակելու համար», - ասվում է ՀԱԿ-ի նախընտրական ծրագրում: Հարկային եւ մաքսային համակարգերԿոռուպցիան հարկային եւ մաքսային մարմիններում, ինչպես նաեւ այնտեղ առկա վարչարարական եւ օրենսդրական խնդիրները, հայաստանյան գործարարների հավաստմամբ, մեր երկրում բիզնեսով զբաղվելու կարեւորագույն խոչընդոտներն են:Այս հարցում քաղաքական ուժերի մոտեցումները սկզբունքային կերպով չեն տարբերվում: Բոլոր կուսակցությունները խոստանում են բարեփոխել հարկային եւ մաքսային ոլորտները` պարզեցնելով հարկային եւ մաքային վարչարարությունը, էապես կրճատելով տեսչական մարմինների թիվը:ՀԱԿ-ը խոստանում է այնքան հեշտացնել բիզնես վարելու պայմանները եւ այնքան բարենպաստ դարձել ներդրումային դաշտը, որ, Կոնգրեսի կանխատեսումներով, Հայաստանում գործող անհատ ձեռնարկատերերի թիվը ներկայիս 67 հազարից 5 տարում կհասնի 0.5 մլն-ի: ՀՅԴ-ն խոստանում է հայկական ապրանքների արտահանումը խրախուսելու նպատակով ներդնել արտահանման վարկերի համակարգ` տարեկան 5% տոկոսադրույքով, պետության կողմից արտահանման պոտենցիալ ունեցող ապրանքատեսակների սերտիֆիկացում եւ գովազդ արտաքին շուկաներում:Դաշնակցության առաջարկներից ուշագրավ է նաեւ Երեւանից 30 կմ եւ ավելի հեռավորության վրա, 10-ից ոչ պակաս աշխատատեղով արդյունաբերական եւ գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ձեռնարկություններ հիմնելու դեպքում, պետական բյուջեի միջոցների հաշվին դրանց համար անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցումը:Ժառանգությունն առաջարկում է լիովին ազատել շահութահարկից մինչեւ 20 մլն դրամ շրջանառությամբ արտադրական ու սպասարկման ոլորտի ընկերությունները եւ մինչեւ 40 մլն դրամ շրջանառությամբ առեւտրական ընկերությունները, ինչպես նաեւ 4 տարով ազատել ԱԱՀ-ից եւ շահութահարկից ՏՏ-ոլորտին:Կոալիցիոն ուժերից ՓՄՁ-ին վերաբերող յուրահատուկ քայլեր են առաջարկել ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը. Առաջինը խոստանում է ՓՄՁ-ի պետական աջակցության համար ուղղել յուրաքանչյուր տարվա պետբյուջեի ծախսային մասի 0,5-2%-ը եւ ազատել հարկերից վարձու աշխատանք չօգտագործող անհատ ձեռնարկատերերին, իսկ երկրորդը՝ արտոնյալ վարկեր փոքր բիզնեսին եւ գործարարների իրավունքների պաշտպանի` տնտեսական օմբուդսմենի ինստիտուտի ներդրում:ԿենսամակարդակԿոալիցիոն կուսակցություններն այս հարցում մեծ անակնկալներ չեն պատրաստել ընտրողների համար. կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման գործընթաց, երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդին պետական աջակցության եւ կենսաթոշակների բարձրացման քաղաքականության շարունակում: Այս հարցում առանձնանում է, թերեւս, ՕԵԿ-ը, որն առաջարկում է հասցնել աշխատավարձերի եւ կենսաթոշակների հարաբերակցությունը առնվազն 35%-ի թոշակառուների ներկայիս սերնդի համար, ինդեքսավորել կենսաթոշակները` գնաճի տեմպերին համապատասխան, նվազեցնել կանանց կենսաթոշակային տարիքը: Բացի այդ, ՕԵԿ-ն առաջարկում է ծննդյան միանվագ նպաստ տալ առաջին երեխայից սկսած, ինչպես նաեւ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրել ոչ միայն աշխատող, այլեւ չաշխատող մայրերին: Ավելին` Օրինաց երկիրը նախատեսում է ֆինանսավորել նաեւ նոր կազմավորվող ընտանիքները՝ երիտասարդներին միանվագ մինչեւ 400 հազ. դրամի տրամադրմամբ:Նվազագույն աշխատավարձի 63 հազ. դրամի չափ խոստանում է Դաշնակցությունը: ՀՅԴ-ն նախատեսում է առաջնահերթության կարգով բարձրացնել ազգային անվտանգության, պաշտպանության, ոստիկանության, առողջապահության համակարգերի աշխատակիցների աշխատավարձերը՝ այդ ոլորտներում միջին աշխատավարձը հասցնելով շուրջ 500 հազ. դրամի:ՀԱԿ-ն առաջարկում է նվազագույն աշխատավարձը ներկայիս 28%-ից հասցնել միջին աշխատավարձի 60%-ին եւ արդեն 2012-ին սահմանել այն 80 հազ. դրամ, ինչպես նաեւ կենսաթոշակների միջին չափը սահմանել միջին աշխատավարձի 40%-ի չափով։ Երեխաների ծննդի միանվագ նպաստը Կոնգրեսն առաջարկում է սահմանել 0,5 մլն դրամ; երրորդ երեխայից սկսած՝ մայրերին վճարել 1 մլն, իսկ 5-րդից սկսած՝ 1,5 մլն դրամ, ինչպես նաեւ 30-50%-ով ավելացնել մայրերի վճարովի արձակուրդի տեւողությունը։Ժառանգությունը 2013-ին առաջարկում է 80 հազ. դրամի հասցնել նվազագույն կենսաթոշակը եւ աշխատավարձը՝ ամեն հաջորդ տարի ավելացնելով դրանք 10.000 դրամով: Պետական հատվածի աշխատողների բազային պաշտոնական դրույքաչափը Ժառանգությունն առաջարկում է սահմանել 111.000 դրամ: Ֆինանսական համակարգ եւ ԽՍՀՄ Խնայբանկի ավանդներՀայաստանի բանկային համակարգը հաճախ քննադատվում է գերլիկվիդային լինելու եւ տնտեսության զարգացմանը լիարժեք կերպով չծառայելու մեջ: Այս խնդիրը լուծելու համար ՀԱԿ-ը եւ Դաշնակցությունն առաջարկում են ֆինանսական շուկայի միասնական կարգավորման իրավասությունը դուրս բերել Կենտրոնական բանկի վերահսկողության տիրույթից` տարանջատելով դրամավարկային քաղաքականության եւ ֆինանսական շուկայի կարգավորման գործառույթները:ՀՅԴ-ն խոստանում է նվազեցնել միջին վարկային տոկոսադրույքները մինչեւ 8-10%, նվազեցնել ներգրավված եւ տրամադրվող ֆինանսական միջոցների բանկային տոկոսադրույքների տարբերությունները, այլ պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ներգրավված նպատակային վարկային միջոցները առեւտրային բանկերին եւ վարկային կազմակերպություններին տրամադրել առանց հավելյալ տոկոսադրույքի: ՀԱԿ-ն առաջարկում է բացառել ֆինանսական ոլորտի գերշահույթները եւ հատուկ հարկ մտցնել բանկերի, ապահովագրական ընկերությունների, վարկային կազմակերպությունների, ներդրումային հիմնադրամների նկատմամբ՝ միաժամանակ 3 անգամ թուլացնելով բանկերի գրանցման պահանջները: Կոնգրեսն առաջարկում է նաեւ «ստերիլիզացնել» հանրապետություն մուտք գործող տրանսֆերտները եւ ուղղել դրանք տնտեսության հեռանկարային ճյուղերի զարգացմանը։ՕԵԿ-ը հատուկ ուշադրության է արժանացնում դրամ-արտարժույթ անսպասելի տատանումների բացառման, գների կայունացման ապահովման անհրաժեշտությունը եւ վարկային տոկոսադրույքների իջեցմանը, իսկ դրամավարկային քաղաքականությունը, ըստ Օրինաց երկրի, պետք է ուղղված լինի արտահանմանն խթանմանը:Բոլոր քաղաքական ուժերը խոստանում են վերադարձնել նախկին ԽՍՀՄ Խնայբանկում քաղաքացիների ավանդները այն տարբերությամբ, որ ՀՀԿ-ից բացի մնացածը խոստանում են անել դա ավելի արագ եւ նախատեսվածից ավելի մեծ ծավալով:Այսպես, Դաշնակցությունն առաջարկում է ինդեքսավորել ավանդները նախընթաց ողջ ժամանակահատվածի համար, Ժառանգությունը՝ կրկնապատկել հատուցման ծավալները, իսկ ՀԱԿ-ը՝ ձեւակերպել դրանք որպես պետական պարտատոմս եւ մարել 2 անգամ ավելի շատ եւ 2 անգամ ավելի արագ։ԳյուղատնտեսությունՀՀԿ-ն խոստանում է շարունակել գյուղատնտեսական տեխնիկայի ու տեխնոլոգիաների արդիականացումը, գյուղացու համար տեխնիկայի ու սարքավորումների ձեռքբերումը հեշտացնելու ուղղությամբ քայլերը: Գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման քաղաքականությունը պաշտպանում են բոլոր առաջատար քաղաքական ուժերը՝ բացառությամբ ՀԱԿ-ի, ըստ որի պետք է դադարեցնել էժան վարկերի, դիզվառելիքի կամ պարարտանյութի քաղաքականությունը եւ փոխարենը փողը տալ գյուղացուն, այլ ոչ թե արտադրողին կամ մատակարարին, որպեսզի գյուղացին ինքը որոշի, ումից ինչ գնել։ԲՀԿ-ն առաջարկում է բոլոր մարզերում ստեղծել մեքենատրակտորային առնվազն մեկական կայան, ինչպես նաեւ յուրաքանչյուր տարի պետբյուջեի ծախսային մասի առնվազն 0,5-1%-ն ուղղել էժան գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանը: Ժառանգությունն իր հերթին առաջարկում է պետության կողմից 50%-ով սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները: Ժառանգությունն առաջարկում է նաեւ ոչ գյուղատնտեսական նպատակներով պետական հողերի վարձակալության համար գանձվող վարձավճարներն ավելացնել 5 անգամ, ինչը հնարավորություն կտա խուսափել մեծ հողակտորների երկարաժամկետ վարձակալությունից ու անարդյունավետ օգտագործումից:Դաշնակցությունը առաջարկում է ամբողջությամբ սուբսիդավորել գյուղացիական տնտեսությունների կողմից լիզինգային կարգով ձեռք բերված գյուղատնտեսական տեխնիկայի վարկային տոկոսադրույքները, բյուջետային տարեկան աջակցությունը ոլորտին ներկայիս 15 մլրդ-ից հասցնել 60 մլրդ դրամի, փոխհատուցել գյուղոլորտում իրացվող վառելանյութերի, քսայուղերի եւ այլ նյութերի գների բարձրացման հետեւանքով գյուղացիական տնտեսությունների կրած վնասները, ինչպես նաեւ հասցնել ոռոգման ջրի սակագինը ներկայիս 11-ից մինչեւ 7 դրամ:Ոռոգման ջրի սակագնի իջեցում է խոստանում նաեւ ՕԵԿ-ը, որը ծրագրում է նաեւ հարկային արտոնություններ տրամադրել կենսաբանական մաքուր գյուղատնտեսական ապրանքներ արտադրողներին եւ նորաստեղծ ագրարային ձեռնարկություններին:ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-մ առաջարկում են նաեւ ներդնել գյուղատնտեսության ռիսկերի ապահովագրման համակարգ:Բնակարանային ապահովումՍոցիալական բնակարանաշինական ծրագրերի իրականացում են առաջարկում Դաշնակցությունը եւ ՕԵԿ-ը: Վերջինս իր կոալիցիոն գործընկերների հետ նախատեսում է նաեւ ավելացնել «Մատչելի բնակարան» եւ «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրերի ծավալները՝ շարունակաբար մեղմելով հիփոթեքի պայմանները: Իսկ Ժառանգությունն առաջարկում է պետբյուջեից տարեկան առնվազն 500 մլն դրամ հատկացնել մանկատների շրջանավարտներին բնակարանով ապահովելու վրա: Tweet Դիտում՝ 2467