Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանը բանակցում է Գերմանիայի հետ վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման համար երրորդ վարկային տրանշի շուրջ:Գերմանահայկական հիմնադրամի տնօրեն Գեւորգ Թումանյանը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում հաստատել է, որ երրորդ վարկային տրանշի ծավալն ակնկալվում է €40 մլն-ի ($52 մլն) չափով եւ բանակցությունների դրական ելքի արդյունքում կփոխանցվի հաջորդ տարվա ընթացքում: Գերմանական զարգացման պետական բանկի` KfW-ի կողմից Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման ծրագիրը մեկնարկել է 2007-ին եւ մինչ այժմ տրամադրվել է 2 վարկային տրանշ` €6 եւ €18 մլն-ի չափով, որոնք հայաստանյան բանկերի միջոցով ուղղվել են փոքր ՀԷԿ-երի կառուցմանը:«Առաջին վարկային տրանշն ամբողջովին տեղաբաշխվել է, երկրորդ տրանշից այս պահի դրությամբ տեղաբաշխվել կեսից ավելին եւ մեր ակնկալիքներով այն ամբողջությամբ կսպառվի մինչեւ այս տարեվերջ», - ասել է Գեւորգ Թումանյանը:Ըստ նրա, երրորդ վարկի` նախորդ երկուսից զգալիորեն մեծ լինելը պայմանավորված է Հայաստանում առկա պահանջարկով, «որն այս պահի դրությամբ գերազանցում է նույնիսկ նախանշված €40 մլն-ը»:Գերմանահայկական հիմնադրամի ղեկավարի խոսքերով, ներգրավվելիք €40 մլն-ը կուղղվեն ոչ միայն հիդրոէներգետիկայի, այլ նաեւ վերականգնվող էներգետիկայի այլ տեսակների վրա: Tweet Դիտում՝ 1645