Երեւան: Մեդիամաքս: 2011-12թթ. Համաշխարհային մրցունակության զեկույցում Հայաստանը բարելավել է իր դիրքը 6 միավորով՝ զբաղեցնելով 92-րդ տեղը 142 երկրների թվում: 2010թ. զեկույցի հետ համեմատ Հայաստանի մրցունակության ընդհանուր գնահատականն աճել է 4%-ով:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր ներկայացնելով զեկույցը, «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի եւ «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության ղեկավար Մանուկ Հերգնյանն ասել է, Հայաստանի մրցունակության կատարողականը աճ է գրանցել՝ արտացոլելով տնտեսությունում ընթացող կառուցվածքային փոփոխությունները:Մանուկ Հերգնյանն ասել է, որ 2011-ն առաջին տարին էր, երբ մրցունակության եւ տնտեսական աճի ցուցանիշները փոխվել են նույն ուղղությամբ, ինչը կարող է մատնանշել անցում տնտեսական իրականության առավել հավասարակշռված մոդելի, ինչը հակադրվում է 2005-2008թթ. տնտեսական համապատկերին, երբ գրանցվում էր ՀՆԱ երկնիշ աճ՝ տնտեսության մրցունակության անկման ֆոնին:Մրցունակության աճ արձանագրել են նաեւ զեկույցում Հայաստանից առաջ գտնվող Ադրբեջանը (57-րդից՝ 55 տեղ) եւ Վրաստանը (93-րդից՝ 88-րդ): Զեկույցի շնորհանդեսին ներկա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ կառավարությունն էական նշանակություն է տալիս երկրի մրցունակության բարձրացման խնդրին եւ զեկույցը հնարավորություն է տալիս համեմատության մեջ բացահայտել Հայաստանի թույլ կողմերը, քանի որ զեկույցում բոլոր երկրները գնահատվում են նույն մեթոդաբանությամբ: Մանուկ Հերգնյանն ասել է, որ Հայաստանի զեկույցն այս անգամ կենտրոնացել է հայկական մասնավոր ընկերություններում առկա կառավարման փորձի ուսումնասիրության վրա եւ նպատակաուղղված է պետական եւ մասնավոր հատվածի միջեւ երկխոսության ձեւավորմանը:Զեկույցի համաձայն, Հայաստանի տնտեսության հիմնարար թերություններից մեկը ՀՆԱ-ում ցածր արտադրողականությամբ ոլորտների գերակայությունն է: «Հայաստանի արտադրողականությամբ առաջատար 3 ոլորտները՝ ֆինանսական միջնորդությունը, հանքագործությունը եւ շինարարությունը, ընդգրկում են երկրի զբաղվածության ընդամենը 9%-ը, այնինչ աշխատուժի գրեթե կեսը կենտրոնացված է նվազագույն արտադրողականությամբ ոլորտներում», - ասել է Մանուկ Հերգնյանը:Զեկույցում նշվում է նաեւ, որ Հայաստանը, վերջին տարիներին գրանցելով ներդրումների տպավորիչ աճ՝ դարձել է ՀՆԱ-ում համախառն կապիտալի կուտակման մասնաբաժնի ցուցանիշով առաջատար երկրներից մեկը, ինչը կարող է ապագա աճի լավ հիմք հանդիսանալ:«Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնի կողմից 50 արտադրական կազմակերպություններում անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, սակայն, որ կառավարման մակարդակով Հայաստանյան ընկերությունները զգալիորեն հետ է մնում զարգացած երկրներում գործող ձեռնարկություններից: «Մինչդեռ կառավարման բարելավումը բարձր եկամտաբեր ներդրում է. կառավարման մակարդակի հետազոտությունները, որոնք իրականացվել են 21 երկրներում, պարզաբանում են, որ կառավարման գնահատականի 1 միավոր աճը հանգեցնում է արտադրողականության 6%, վաճառքի 2,3% եւ կապիտալ ներդրումների 2,8% աճի», - ասել է Մանուկ Հերգնյանը՝ այս համատեքստում կարեւորելով կառավարման բարձր մշակույթով անդրազգային կորպորացիաների Հայաստան մուտք գործելու խթանումը: Զեկույցի էլեկտրոնային տարբերակը հասանելի է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի վեբկայքում: Tweet Դիտում՝ 5217