Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հայտնաբերել է, որ «Մաքուր ջուր» ապրանքանիշի տակ վաճառվող խմելու ջուրը շշալցվում է ոչ թե «Գառնիի բարձրադիր լեռնային աղբյուրից հոսող», ինչպես իր գովազդներում նշում է այս ապրանքանիշի տակ աշխատող ՄԳԱ Վոթըր ընկերության, այլ Նուբարաշենի տարածքում գտնվող քաղաքային ջրամատակարարման ցանցի ծորակներից: ՏՄՊՊՀ այսօրվա նիստում հանձնաժողովը «ՄԳԱ Վոթըր» ընկերության վարքագիծը շուկայում որակել է որպես անբարեխիղճ մրցակցություն` կիրառելով օրենսդրությամբ սահմանված առավելագույն պատժաչափ` տուգանք տարեկան հասույթի 1%-ի չափով: Բացի այդ, հանձնարարվել է 5-օրյա ժամկետում վերացնել խախտումը, հայտնել են ՏՄՊՊՀ-ում: Վարույթն ընկերության նկատմամբ հանձնաժողովը հարուցել էր վերջինիս մրցակից` խմելու ջրի արտադրությամբ զբաղվող «Էվրի Դեյ» («Բյուրեղ» ապրանքանիշ) ընկերության բողոքի հիման վրա, որում նշվում էր, թե «Մաքուր ջրի» շշալցման ժամանակ օգտագործվում է ոչ թե լեռնային աղբյուրի, այլ քաղաքային սովորական ջրամատակարարման ցանցի ջուր: Հանձնաժողովի դիտարկմամբ, ««ՄԳԱ Վոթըր» ընկերությունը անբարեխիղճ մրցակցության միջոցով մրցակցային լուրջ առավելություններ է ստացել, ոտնահարել է սպառողների շահերը եւ էժան ինքնարժեքի շնորհիվ շատ դեպքերում շահել է նաեւ պետական գնումների մրցույթներում` առաջարկելով անհամեմատ ցածր գին»: ՄԳԱ Վոթըր-ը այս շուկայում գործող ամենախոշոր ընկերությունն է եւ 2011թ.-ին Հանձնաժողովի կողմից ճանաչվել է գերիշխող դիրք ունեցող` ավելի քան 35% մասնաբաժնով: ՏՄՊՊՀ-ում, սակայն նշում են, որ հանձնաժողովի վերջին ուսումնասիրություններով ընկերության կշիռը շուկայում շատ ավելի մեծ է եւ թողարկվող արտադրանքի ծավալները զգալիորեն քիչ են ներկայացվում: Հանձնաժողովն ուսումնասիրել է նաեւ բողոքը ներկայացրած ընկերության գործունեությունը, ինչի արդյունքում պարզվել է, որ վերջինս իր կողմից արտադրվող աղբյուրի ջուրը ձեռք է բերում «Ջերմուկ Գրուպ»-ին պատկանող խմելու ջրի հորատանցքերից:ՏՄՊՊՀ ուսումնասիրության արդյունքները կուղարկեն էկոնոմիկայի նախարարությանը եւ Պետական եկամուտների կոմիտե: Tweet Դիտում՝ 2786