Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) եւ Ֆրանսիայի մրցակցային մարմինը այսօր Երեւանում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, հուշագրի նպատակն է իրականացնել ուղղորդված համագործակցություն` ուղղված հայ-ֆրանսիական գործարար կապերի եւ արդար մրցակցային միջավայրի բարելավմանը: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշել է, որ Հայաստանում գործում են 155 ձեռնարկություններ ֆրանսիական կապիտալով եւ Հայաստանում ֆրանսիական կապիտալի համար բարենպաստ ներդրումային պայմանների ապահովումը առաջնային անհրաժեշտություն է:«2011-ին հանձնաժողովի կողմից անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ տուգանքների կիրառման վերաբերյալ որոշումների թիվը կրկնապատկվել է՝ կազմելով շուրջ 200, իսկ տուգանքների գումարը աճել է շուրջ 7 անգամ (350 մլն դրամ): Պետբյուջե բռնագանձված տուգանքների գումարը 2011-ին աճել է ավելի քան 5 անգամ եւ գերազանցել 200 մլն դրամը, իսկ հանձնաժողովի որոշումների դատական բողոքարկումների թիվը նվազել շուրջ 1/3-ով եւ կազմել 20: Հատկանշական է նաեւ, որ 2010 եւ 2011 թվականներին դատարանը հանձնաժողովի ոչ մի որոշում անվավեր չի ճանաչել», - ասել է Արտակ Շաբոյանը: Բրունո Լասերն իր հերթին նշել է, որ Ֆրանսիայի տնտեսական մրցակցության պաշտպանության մարմինը պատրաստ է կիսվել իր փորձով եւ օգնել հայկական մասնագետների վերապատրաստման հարցում: Հուշագրի ստորագրմանը հաջորդել է Հայաստանում ֆրանսիական կապիտալով գործող ընկերությունների ղեկավարների հետ հանդիպումը: Tweet Դիտում՝ 2304