Երեւան: Մեդիամաքս: «Չնայած որոշ նմանությանը, թուրքական լիրայի խորհրդանշանը, անկասկած, մարմնավորում է թուրքական լիրա, այլ ոչ թե հայկական դրամ»,- Մեդիամաքս-ին ասել է հայկական դրամի խորհրդանշանի հեղինակներից մեկը՝ Կարեն Կոմենդարյանը, մեկնաբանելով որոշ հայկական եւ թուրքական ԶԼՄ-ների հրապարակումները եւ անհատների կարծիքները , որ թուրքական լիրայի խորհրդանշանի հիմքում ընկած է հայկական դրամի խորհրդանշանը:Կարեն Կոմենդարյանի կարծիքով, խորհրդանշանը արտահայտում է թուրքական լիրա՝ լատինական փոքրատառ «t» (turkish) եւ «l» (lira) տառերի հիման վրա, ինչը շատ տրամաբանական է: Որպես հիմք կարող էր նաեւ վերցված լիներ լատինական մեծատառ «Т» (Turkey) տառը: Սակայն այդ տառը, երկու թեք գծերով, նշանակում է մոնղոլական տուգրիկ: «Ինձ համար շատ անսպասելի, Թուրքիայից Ֆեյսբուքի միջոցով բացատրությունների համար ինձ անծանոթ մարդիկ դիմեցին, որոնց ես հայտնեցի կարծիքս, որ նշանների նմանությունը չպետք է որեւէ խնդիրներ առաջացնի եւ տարբեր մեկնաբանությունների առիթ դառնա», - ասել է Կարեն Կոմենդարյանը:Ս.թ. մարտի 1-ին Թուրքիայի Կենտրոնական Բանկը հանրությանը ներկայացրեց թուրքական լիրայի խորհրդանշանը, որը ընտրվել էր 8 000 տարբերակներից՝ նախապես հայտարարված մրցույթի արդյունքում:Ս.թ.փետրվարին Մեդիամաքս-ին տված հարցազրույցում Կարեն Կոմենդարյանը նշել էր. «Հաճախ ստիպված ես լինում լսել, որ դրամի խորհրդանշանը արտահայտել է եվրոյի տարրերը, բայց նման բան պարզապես չէր կարող լինել, քանի որ 1995 թվականին գոյություն չուներ ոչ միայն եվրոյի խորհրդանշանը, այլ հենց ինքը` եվրոն: Իրականում, շատ արտարժույթների խորհրդանշաններին բնորոշ հորիզոնական երկու գծերն արտահայտում են կշեռքի նշանը, այլ կերպ ասած՝ հաղորդում են հավասարակշռության գաղափարն առեւտրի մեջ: Այսպիսով, դրամի խորհրդանշանն արտահայտում է կշեռքի խորհրդանիշը եւ «դրամ» բառի առաջին տառի ուրվագծերը¦: Tweet Դիտում՝ 8614