Բորսան հորդորում է շուկային «չսպասել լավ ժամանակների»

17.02.2012 | 14:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը հորդորել է շուկայի մասնակիցներին «չսպասել լավ ժամանակների» եւ դուրս գալ բաժնետոմսերի շուկա:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Կոնստանտին Սարոյանն ասել է, որ այս տարի ցուցակվող ընկերությունները կշահեն եւ կարճաժամկետ, եւ երկարաժամկետ կտրվածքով՝ 3 տարով ազատվելով շահութահարկից եւ ձեռք բերելով միջազգային շուկա դուրս գալու հեռանկար:

Կոնստանտին Սարոյանը տեղեկացրել է, որ 2011-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում բաժնետոմսերով գործարքների ծավալը կազմել է 200.3 մլն դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 57%-ով: Շուկայի կապիտալիզացիան աճել է 2.3%-ով եւ կազմել 53.8 մլրդ դրամ:

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գործարքների ծավալը նվազել է 75%-ով եւ կազմել 708.9 մլն դրամ: 45.6%-ի նվազում է արձանագրվել նաեւ ՌԵՊՈ գործարքների մասով (2.05 մլրդ դրամ): Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի պասիվությունը, ըստ բորսայի ղեկավարի, բացատրվում է պետական պարտատոմսերի բարձր տոկոսադրույքներով:

Պետպարտատոմսերով առեւտրի ծավալը 2011-ին բորսայում կազմել է 5.37 մլրդ դրամ, ինչը կազմել է պետպարտատոմսերով առեւտրի ընդամենը 6%-ը: Այս ցուցանիշի ցածր մակարդակը Հայաստանում պետական արժեթղթերի հանդեպ բարձր պահանջարկի պայմաններում, բորսայի ղեկավարի խոսքերով, բացատրվում է Կենտրոնական բանկի կողմից առեւտրային բանկերին եւ ներդրումային ընկերություններին մատուցվող՝ պետպարտատոմսերի առաջնային տեղաբաշխման եւ առեւտրի հարթակով, որն անվճար է: Կոնստանտին Սարոյանը տեղեկացրել է, որ բորսան բանակցում է Կենտրոնական բանկի հետ՝ այս ծառայությունները բորսային փոխանցելու կամ հավասար մրցակցային պայմանների ստեղծելու նպատակով:

«Թեեւ բորսան գանձում է միջնորդավճար իր ծառայությունների դիմաց, նրա տեխնոլոգիական հնարավորությունները թույլ են տալիս որոշել ակտիվի արդար շուկայական գինը»,- նշել է Կոնստանտին Սարոյանը:

Արտարժույթով առեւտրի ծավալը բորսայում 2011-ին աճել է 0.6%-ով եւ կազմել $760 մլն (283.5 մլրդ դրամ):

Վարկային ռեսուրսների հարթակում 2011-ին գործարքների ծավալն աճել է 3.5 անգամ՝ կազմելով 2 տրլն 734 մլրդ դրամ ($7.03 մլրդ): «Չնայած միայն մեր վարկային հարթակի առեւտրի ծավալը գերազանցում է NASDAQ OMX Baltic-ի երեք ֆոնդային շուկաների (Էստոնիա, Լատվիա, Լիտվա) համախառն առեւտրի ծավալը, մենք շարունակում աշխատել ենք վնասով եւ ստիպված ենք լինելու վերանայել սակագները»,- ասել է բորսայի ղեկավարը:

Հաշվի առնելով միջբանկային վարկային հարթակի հանդեպ բարձր պահանջարկը՝ Կոնստանտին Սարոյանը տեղեկացրել է, որ այս տարի այն ընդլայնվելու է՝ հնարավորություն տալով կնքել ոչ միայն մեկօրյա (overnight), այլեւ 7 եւ 14 օր մարման ժամկետներով միջբանկային վարկային գործարքներ:

Բորսայի գլխավոր տնօրենը տեղեկացրել է նաեւ, որ այս տարի բորսան կմիանա NASDAQ OMX խմբի անդամ հանդիսացող GlobeNewswire տեղեկատվական ցանցին, որը մասնագիտացած է գլոբալ ներդրումային հանրությանը կորպորատիվ մամուլի հաղորդագրությունների, բացահայտման ենթակա տեղեկությունների եւ այն տվյալների փոխանցման մեջ:

Դիտում՝ 2180
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW