Երեւան/Մեդիամաքս/. Յունիբանկը գործարկել է «Մագնիս» ծրագիրը, որի շնորհիվ քարտապաններին կտրամադրվի մի շարք առավելություններից օգտվելու և առօրյա ծախսերը կրճատելու հնարավորություն: Զանազան ապրանքների ու ծառայությունների դիմաց վճարելիս բանկի քարտապանները ծրագրի գործընկեր կազմակերպություններից կստանան արտոնություններ` զեղչ կամ բոնուսներ, որոնք հաճախորդները կարող են ծախսել որպես սովորական դրամ` 1 բոնուս-1 դրամ փոխարժեքով: Ծրագրի մասնակից դառնալու և արտոնություններից օգտվելու համար բանկի հաճախորդներին հարկ չկա ձեռքբերել հատուկ քարտ. զեղչերը և բոնուսները կտրամադրվեն Յունիբանկի քարտով վճարումներ կատարելիս, հայտնել են բանկում: «Բանկի բոլոր քարտապանները ինքնաբերաբար դարձել են ծրագրի մասնակից և կարող են ծրագրի գործընկեր կազմակերպություններից ստանալ բոնուսներ և զեղչեր: Բոնուսային համակարգը նախատեսվում է գործարկել այս տարվա փետրվարից: Հենց որ նման ծառայությունը հասանելի դառնա հաճախորդների համար, Յունիբանկը սովորական բանկային քարտերը անվճար կփոխարինի չիպային բազմաֆունկցիոնալ քարտերով», - նշել է Յունիբանկի հաճախորդների հետ հարաբերությունների զարգացման գծով տնօրեն Սամվել Վարդանյանը: Այսօրվա դրությամբ «Մագնիս» ծրագրի գործընկերային ցանցը ընդգրկում է շուրջ 80 կազմակերպություններ` խանութներ, հյուրանոցներ, գեղեցկության սրահներ, մարզական ակումբներ, ռեստորաններ, բժշկական հաստատություններ և այլն: Ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի կամ դրամարկղի մոտ փակցված «Magnis» նշանը: Յունիբանկն իր հերթին բոնուսներ կշնորհի բանկային ծառայություններից օգտվելու և ծրագրում ակտիվ մասնակցության համար: Քարտապաններն հնարավորություն են ստանում մասնակցելու ծրագրի գործընկեր կազմակերպությունների բոլոր ակցիաներում և մրցանակների խաղարկություններում: Կուտակված բոնուսները կարելի է նաեւ նվիրել ծրագրի այլ մասնակցի` նրա քարտային հաշվին փոխանցելու միջոցով: Ծրագրի մասնակիցների համար պատրաստվել է հատուկ կայք` www.magnis.am, որում յուրաքանչյուր քարտապանի համար նախատեսված է գաղտնաբառով պաշտպանված անձնական էջ: Tweet Դիտում՝ 3828