Fitch-ը նվազեցրել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի վարկանիշը

06.12.2011 | 11:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի թողարկողի դեֆոլտի (ԹԴՎ) երկարաժամկետ վարկանիշը «BB»-ից «BB-» մակարդակի: Կանխատեսումը՝ «Կայուն»:

Բանկի կայունության վարկանիշը հաստատվել է «b+» մակարդակում, կարճաժամկետ ԹԴՎ-ն՝ «B» մակարդակում, բանկի անհատական վարկանիշը՝ «D» մակարդակում, աջակցության վարկանիշը՝ «3» մակարդակում, հաղորդում է Մեդիամաքս-ը՝ վկայակոչելով Fitch-ը:

Բանկի երկարաժամկետ ԹԴՎ-ի իջեցումը արտացոլում է գործակալության կարծիքը բանկի բաժնետեր Credit Agricole S.A.-ի («AA−»/Rating Watch «Բացասական») կողմից աջակցության տրամադրման հավանականության մասին: «Ներկայումս իր գնահատականներում Fitch-ն առավելապես շեշտադրում է այն գործոնները, որոնք ավելի վաղ սահմանվել էին որպես զսպող՝ աջակցության տրամադրման հավանականության համար», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

«Այսպիսի գործոնները ներառում են այն, որ Հայաստանի շուկան CA-ի համար չի հանդիսանում ռազմավարական տեսանկյունից կարեւոր, նաեւ որ այս բաժնետիրոջը պատկանում է բանկի փոքր մինորիտար փաթեթը (28%) եւ CA-ի սահմանափակ մասնակցությունը զարգացող շուկաներում: Սա նշանակում է, որ ԱԿԲԱ-ի ցուցանիշները եւ դեֆոլտը, եթե այն տեղի ունենա, բացասական հետեւանքների մեծ ռիսկ չեն ներկայացնում Credit Agriucole խմբի կառույցների համար»,- նշում է Fitch-ը, նկատելով, որ Credit Agricole-ի կողմից հայկական բանկի աջակցության կարիք դեռեւս չի զգացվել, ինչը նշանակում է, որ աջակցության տրամադրումը դեռեւս չի փորձարկվել գործնականում՝ հաշվի առնելով հայկական բանկի լավ ֆինանսական ցուցանիշները:

Վարկանիշային գործակալությունը հավանական է համարում, որ ապագայում ԱԿԲԱ-ի ԹԴՎ-ի վերանայումը կախված է լինելու Credit Agricole-ի կողմից հայկական բանկին աջակցության տրամադրման պատրաստակամության մասին Fitch-ի կարծիքից: ԱԿԲԱ-ի վարկանիշի հետագա իջեցումը չի բացառվում նաեւ Հայաստանի սուվերեն վարկանիշի նկատմամբ որեւէ բացասական գործողության դեպքում:

ԱԿԲԱ-ի կայունության վարկանիշը հաշվի է առնում բանկի վերջերս ցուցադրած արագ աճը, վարկերի կենտրոնացվածության մակարդակների աճը եւ վարկերի դոլարացվածության դեռեւս բարձր մակարդակը (III եռամսյակի վերջի դրությամբ՝ 57%), ինչը բանկին ենթարկում է անուղղակի շուկայական ռիսկի՝ ազգային արժույթի արժեզրկման դեպքում: Միաժամանակ, վարկանիշն արտացոլում է խնդրահարույց վարկերի ցածր մակարդակը, բանկի լավ լիկվիդայնությունը, վերաֆինանսավորման ռիսկերի կառավարելիությունը, բարձր շահութաբերությունը եւ կապիտալացվածությունը (ընդհանուր կապիտալի բավարարությունը Basel II-ով III եռամսյակի վերջի դրությամբ կազմել է 20,8%) եւ լայն հաճախորդային բազան Հայաստանում:

2011թ. III եռամսյակի վերջի դրությամբ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն ընդհանուր ակտիվներով Հայաստանի խոշորագույն բանկն է (երկրի բանկային համակարգի ակտիվների շուրջ 11%-ը), զգալի մասնաբաժիններ է զբաղեցնում գյուղատնտեսության վարկավորման (մոտ 50%) եւ  սպառողական վարկավորման (14%) շուկաներում: Credit Agricole-ին է պատկանում բանկի բաժնետոմսերի 28%-ը, իսկ մնացածը բաշխված է Գյուղացիական փոխօգնության 10 միավորումների միջեւ:

Դիտում՝ 6553
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW